Ուշակովը՝ Հայաստանի անդամակցության մասին. Հենց այնպես մեկ երկիր ԵԱՏՄ-ից հեռացնելն անհնար է

Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) հենց այնպես մեկ երկիր հեռացնելն անհնար է՝ ըստ Միության շրջանակում համագործակցության դրույթների, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է РИА Новости-ն:

«ԵԱՏՄ շրջանակում ըստ համագործակցության սկզբունքային դրույթների՝ հենց այնպես, ինչ-որ որոշմամբ այս կամ այն երկրին Միության շրջանակում համագործակցությունից հեռացնելն անհնար է։ Հնարավոր է տարբերակ, երբ երկիրն ինքն է հայտարարում այն մասին, որ այս կամ այն պատճառով դադարեցնում է համագործակցությունը»,- ասել է Ուշակովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք կարո՞ղ են Հայաստանը ԵԱՏՄ-ից հեռացնելու վերաբերյալ հանձնարարականներ ընդունվել։

Նա նշել է, որ նման քայլի հնարավոր հետևանքները անհրաժեշտ է քննարկել, և դա կարվի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով նիստի ընթացքում։

Ըստ Ուշակովի՝ Հայաստանի ինտեգրումը ԵԱՏՄ-ին նրան շատ առավելություններ է բերել։

 «2014 թվականին, երբ Հայաստանը ԵԱՏՄ անդամ չէր, երկրի ՀՆԱ-ն այդ ժամանակահատվածից՝ 2014 թվականից ի վեր, գրեթե կրկնապատկվել է՝ 11,6 միլիարդ դոլարից հասնելով 20,2 միլիարդ դոլարի»,- ասել է Ուշակովը լրագրողներին:

Նա հավելել է, որ իրական աշխատավարձերը հանրապետությունում աճել են 50%-ով։ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 10 անգամ, իսկ Միության երկրներից ներմուծումը՝ 4,5 անգամ։

«Անցյալ տարվա արդյունքներով Միության երկրներին, նախ և առաջ, իհարկե, Ռուսաստանին, բաժին է ընկել Հայաստանի ընդհանուր արտահանման մատակարարումների 38,5%-ը կամ հանրապետության ընդհանուր արտաքին առևտրի 37,5%-ը»,- հավելել է Ուշակովը։

Նա հիշեցրել է նաև, որ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն բազմիցս «հրապարակավ նշել է մեր վերաբերմունքը Հայաստանի ծրագրերին։ Ընդգծել է, որ միաժամանակ երկու միավորումներին անդամակցելը պարզապես անհնար է, դա չի հաջողվի»,- եզրափակել է Ուշակովը։

News.am

Leave a comment