Արշավական ուղղություններ, մատչելի գներ, զարգացող տուրիզմ․ Հայաստանում որ լեռներն են պահանջված

Արշավական ուղղություններ, մատչելի գներ, զարգացող տուրիզմ․ Հայաստանում որ լեռներն են պահանջված

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին երեք տարիների ընթացքում արշավային տուրիզմի ոլորտում Հայաստանում զգալի աճ է գրանցվել։  Այս մասին Zarkerak.am-ինհայտնեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշջության կոմիտեից։

Զբոսաշջության կոմիտեից հայտնեցին, որ լեռնագնացությունը Հայաստանում հիմնականում իրականացվում է երկու ուղղություններով՝ Խուստուփ լեռան ուղղահայաց լանջերում և Արագած լեռան հյուսիսային գագաթի հատվածում, մինչդեռ մնացած ուղղությունները հիմնականում արշավային երթուղիներ են։

Ըստ Զբոսաշրջության կոմիտեի արշավային տուրիզմի զարգացումը հատկապես նկատելի դարձավ COVID-19 համավարակի ընթացքում, երբ մեծացավ հետաքրքրությունը ներքին զբոսաշրջության նկատմամբ։ Այդ միտումը շարունակվեց նաև հետհամավարակային շրջանում, և այսօր արդեն արձանագրվում է աննախադեպ աճ ինչպես ներքին, այնպես էլ՝ ներգնա զբոսաշրջության շուկայում։

Ինչ վերաբերում է մարդկանց անվտանգությանը, Զբոսաշրջության կոմիտեից նշեցին, որ  կազմակերպված արշավային խմբերը, որպես կանոն, հնարավորինս ապահովում են մասնակիցների անվտանգությունը և հետևում անվտանգության հիմնական կանոններին։ Հայտեցին, որ սովորաբար մինչև արշավի մեկնարկը մասնակիցներին տեղեկացվում է հնարավոր ռիսկերի, երթուղու բարդության և անհրաժեշտ պատրաստվածության մասին, իսկ արգելված տարածքների վերաբերյալ հավելեցին, որ կազմակերպված խմբերը նման վայրեր չեն ուղեկցում։ 

Զբոսաշրջության կոմիտեից ասացին, որ ընդհանուր դիտարկումները ցույց են տալիս, որ ակտիվ և արշավային զբոսաշրջությամբ առավել հաճախ հետաքրքրվում են եվրոպացի զբոսաշրջիկները։ Միևնույն ժամանակ, ընդհանուր պատկերն ուսումնասիրելիս ակնհայտ է, որ արշավային տուրիզմի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա նաև հայերի շրջանում։

«Հայաստանն ունի զգալի պոտենցիալ լեռնագնացության և արշավային տուրիզմի զարգացման համար։ Վերջին տարիներին այս ոլորտի զարգացմանը նպաստում են ինչպես աճող միջազգային հետաքրքրությունը, այնպես էլ պետական։  Պարզ է դարձել նաև, որ այս ոլորտում կան նաև որոշակի մարտահրավերներ, սակայն դրանք աստիճանաբար նվազում են։ Նշենք նաև, որ ներկայում նկատվում է ինչպես ներգնա, այնպես էլ ներքին զբոսաշրջության մասնակիցների պատրաստվածության բարձրացում, ինչպես նաև արշավային սարքավորումների և կազմակերպման որակի բարելավում»,-ասացին կոմիտեից։

Իսկ զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանը մեզ հետ   զրույցում ասաց, որ լեռնագնացությունը դարձել է պապուլյար իսկ  արշավականների թիվը գնալով ավելանում է։  

«Կարող եմ նշել, որ արշավային հանգիստը մեզ մոտ դառնում է պահանջված։ Կազմակերպվող արշավները, բավականին մատչելի են և հասանելի՝ սկսած օրինակ՝ 5000 դրամից մինչև 30, 35 հազար դրամ»,-հավելեց նա։

Վլադիմիր Գևորգյանը կարծում է, որ մարդկանց ուղեկցել արգելված տարածքներ սխալ է,  և շատ դեպքերում նաև դրա  հետևանքով լինում են ողբերգական դեպքեր։

 «Լեռնագնացությունը տուրիզմի աճի վրա իհարկե ազդում է, երբ  մարդիկ սկսում են ճանապարհորդել, բնականաբար դա ներքին և նաև ներգնա տուրիզմի թվերի վրա ազդեցություն է ունենում։ Եթե արտասահմանից ենք հյուրընկալում, ունենում ենք նաև արտասահմանյան խմբեր, ովքեր գալիս են Հայաստան՝ լեռներ բարձրանալու»,-ասաց Գևորգյանը։

Փորձագետը նշեց, որ Հայաստանում լեռնագնացությամբ հիմնականում հետաքրքրված են օտարերկրյա զբոսաշրջիկները հատկապես՝ այն երկրների զբոսասաշրջիկները, որտեղ  կան  լեռներ՝ Ավստրիա, Լեհաստան, Գերմանիա, Նոր Զելանդիա:

Նրա խոսքով Հայաստանում գրեթե մեր բոլոր լեռները պահանջված են հիմնականում՝ Արագածը, նաև Փամբակի լեռները։   

«Այս պահին մի փոքր կդժվարանամ  պատասխանել այն վայրերի հետ կապված, որոնք կարող են լեռնագնացության տարածք դառնալ, սակայն Հայաստանը ընդհանուր առմամբ, բոլոր ենթաոլորտների առումով մեծ հնարավորություններ ունի»,-ասաց նա:

«Այսօր այն կազմակերպությունները, որոնք զբաղվում լեռնագնացությամբ զարգացած են ասելը սուտ կլինի, այժմ նրանք զարգացման փուլում են»,-եզրափակեց Վլադիմիր Գևորգյանը։

Leave a comment