ԱՄՆ-ն «ինքնապաշտպանական հարվածներ» է հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցի շուրջ

Քաղաքականություն

26.05.2026 | 11:22

ԱՄՆ զինված ուժերը «ինքնապաշտպանական հարվածներ» են հասցրել Հորմուզի նեղուցի շուրջ գտնվող իրանական հրթիռային կայաններին և նավակներին՝ երկու երկրների միջև հրադադարի և պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ընթացող բանակցությունների ֆոնին։ CNN-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«ԱՄՆ ուժերն այսօր ինքնապաշտպանական հարվածներ են հասցրել Իրանի հարավին՝ մեր զորքերն իրանական ուժերի կողմից ներկայացվող սպառնալիքներից պաշտպանելու համար։ Նպատակակետերի թվում էին հրթիռների արձակման վայրերը և իրանական նավակները, որոնք փորձում էին ականներ տեղադրել։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը շարունակում է պաշտպանել մեր ուժերը, միաժամանակ, զսպվածություն ցուցաբերելով շարունակվող հրադադարի ընթացքում»,- CNN-ին ասել է CENTCOM-ի խոսնակ Թիմոթի Հոքինսը, երբ հարցրել են Հորմուզի նեղուցի շուրջ հաղորդված պայթյունների մասին։

Reuters-ը, հղում անելով իրանական լրատվամիջոցներին, հաղորդել էր, որ պայթյուններ են լսվել Հորմուզի նեղուցի ափին գտնվող Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում: Իրանի Mehr լրատվական գործակալությունն էլ հայտարարել է, որ Բանդար Աբբասում իրավիճակը վերահսկողության տակ է, անհանգստության պատճառ չկա։

Մայիսի սկզբին ԱՄՆ ուժերը թիրախավորել էին իրանական ռազմական օբյեկտները, որոնք պատասխանատու են նեղուցով անցնող ամերիկյան ռազմանավերի դեմ «չհրահրված» հրթիռային, անօդաչու թռչող սարքերի և փոքր նավակների մի շարք հարձակումների համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում ամերիկյան ուժերին լիազորել էր արձագանքել Իրանի սադրանքներին կարևոր ջրային ուղու շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment