Դատարանը կասեցրել է Շինարարների փողոցի խանութներից մեկի ապամոնտաժումը. մյուսները հույս ունեն, որ որոշումն իրենց վրա էլ կազդի
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում գտնվող խանութներից մեկի սեփականատերը դատարանի միջոցով հասել է իր գույքի քանդմանն ուղղված գործողությունների ժամանակավոր արգելմանը։ Հոկտեմբերի 12-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է Մկրտիչ Վարդանի Նահապետյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը՝ Երևանի քաղաքապետին պարտավորեցնելով ձեռնպահ մնալ իրեն պատկանող խանութի քանդումից կամ ապամոնտաժումից։
Հոկտեմբերի 13-ին նախատեսված ապամոնտաժումների վերաբերյալ մտահոգություն հայտնող մյուս տնտեսվարողները ևս պնդում են, որ իրենց տարածքների սեփականության վկայականներն առկա են։ Սակայն դատարանի այս որոշումը վերաբերում է միայն հայցվորի՝ կոնկրետ հասցեում գտնվող գույքին։
ՀՀ վարչական դատարանի՝ հոկտեմբերի 12-ի որոշման համաձայն՝ Մկրտիչ Նահապետյանը հոկտեմբերի 9-ին դատարան է ներկայացրել հայցադիմում՝ պահանջելով Երևանի քաղաքապետին պարտավորեցնել ձեռնպահ մնալ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի 15 շենքի 15/14 հասցեում գտնվող անշարժ գույքի քանդմանն ուղղված ցանկացած գործողությունից։
Դատարանը՝ դատավոր Աննա Դիլբարյանի նախագահությամբ, նույն օրը հայցադիմումն ընդունել է վարույթ։ Ուսումնասիրելով հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը՝ դատարանը որոշել է ժամանակավորապես բավարարել հայցվորի պահանջը։
Որոշման մեջ նշվում է, որ Կադաստրի կոմիտեի վկայականի համաձայն՝ հայցվորին սեփականության իրավունքով պատկանում է նշված հասցեում գտնվող՝ 81.4 քմ մակերեսով խանութը՝ 01-001-0021-0140-001 կադաստրային ծածկագրով։
Դատարանը որոշման մեջ հատուկ անդրադարձել է նաև խանութի իրավական կարգավիճակին։ Կադաստրի կոմիտեի վկայականի համաձայն՝ 81.4 քմ մակերեսով խանութը սեփականության իրավունքով պատկանում է հայցվորին։ Դատարանն արձանագրել է, որ գործի նյութերում ապացույցներ չկան, որ այն ինքնակամ կառույց է՝ համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա։ Այս հանգամանքը դատարանը հաշվի է առել հայցի ապահովման միջոց կիրառելու հարցը լուծելիս։
Որոշման համաձայն՝ Երևանի քաղաքապետը պարտավոր է ձեռնպահ մնալ նշված խանութի քանդմանն ու ապամոնտաժմանն ուղղված ցանկացած գործողությունից։ Այն ենթակա է անհապաղ կատարման, ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ։