«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է.
«Հյուսիսային Մակեդոնիայի տարբերակը
Հարցազրույցներում ներկայացրել եմ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը հասնելու իմ առաջարկը, բայց նպատակահարմար համարեցի գրավոր տարբերակով էլ ներկայանալ։ Առաջարկիս հենքը այն համոզումն է, որ խաղաղությունը ձեռնտու է Հայաստանին։ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն, քանի որ այս իրավիճակը իրեն կարևորում է և մանևրի լավ հնարավորություն է տալիս։ Խաղաղության պայմաններում ուշադրությունը կենտրոնանում է Հայաստանի վրա, մենք կարողանում ենք արագ զարգանալ, նոր սպառազինություն գնել, որ չի կարող չմտահոգել Բաքվին։
Ադրբեջանի նախագահն ասում է, որ վերջնական խաղաղության համաձայնագիր ստորագրելուն խանգարում է միայն ՀՀ Սահմանադրությունը, որում տարածքային պահանջ կա և որը պետք է փոխվի։ Իլհամ Ալիևը հենց այդ պահանջն է դնում, որովհետև գիտի, որ հանրաքվեի անցկացումը ժամանակ է պահանջելու, և ինքն էլ բավարար լծակներ ունի հանրաքվեի արդյունքի վրա ազդելու։ Ժամանակ ձգելու և մանևրի հնարավորությունը երկարաձգելու ավելի լավ տարբերակ գրեթե անհնար է գտնել Ադրբեջանի համար։
Առանց հանրաքվեի Ադրբեջանին խաղաղության փաստաթղթի ստորագրումը պարտադրելը իրատեսական չէ։ Իսկ եղե՞լ է նախադեպ, երբ մի պետությունը մյուսից պահանջի Սահմանադրություն փոխել։ Պարզվում է՝ եղել է։ Հունաստանը Մակեդոնիայից պահանջել է փոխել պետության անունը՝ հակառակ դեպքում հայտարարելով, որ ինքը կշարունակի վետո կիրառել Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում և կխոչընդոտի ԵՄ անդամակցությանը։ Մակեդոնիան հարցրել է՝ ի՞նչ երաշխիք կա, որ հանրաքվեից հետո նոր պայմաններ չեն առաջանա։
Եթե միակ խնդիրը պետության անվանափոխությունն է, եկեք հաշտության համաձայնագիր ստորագրենք՝ նշելով, որ ուժի մեջ է մտնում հանրաքվեից հետո։ 2018-ին ստորագրվեց համաձայնագիրը, իսկ 2019-ին պետությունը անվանվեց Հյուսիսային Մակեդոնիա։
Իմ կարծիքով, այս տարբերակը կիրառելի է նաև մեր իրավիճակի համար։ Մենք կարող ենք Ադրբեջանին առաջարկել ստորագրել խաղաղության համաձայնագիր Վաշինգտոնում, Թրամփի հովանու ներքո՝ ամրագրելով, որ ուժի մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո։
Դրանով միջանկյալ ընտրություններից առաջ ԱՄՆ նախագահին և Հանրապետական կուսակցությանը ևս մեկ փոքր հաղթանակի հնարավորություն կտանք, որ ստեղծված իրավիճակում հատկապես կարևոր է։ Ես վստահ եմ, որ Մարկո Ռուբիոն արագ և մոտիվացված կկազմակերպի արարողությունը։ Ադրբեջանը կզրկվի ժամանակ ձգելու հնարավորությունից, որովհետև բարդ է ԱՄՆ-ին ու Թրամփին «ոչ» ասելը, կստացվի, որ իրենք խաղաղություն չեն ուզում, և իրենց նախապայմանը ընդամենը ժամանակ ձգելու պատրվակ է։ Հայաստանը կդառնա նախաձեռնող, կզրկի Ադրբեջանին մանևրելու հնարավորությունից, իրենց նախապայմանը կաշխատի իրենց դեմ։ Սահմանադրության հանրաքվեի արդյունքը կդառնա ավելի կանխատեսելի։ Իշխանության համար քարոզչությունը՝ ավելի դյուրին։
Ես կարծում եմ, որ իմ այս առաջարկը լուրջ փորձության առաջ է կանգնեցնելու Ադրբեջանին, և իրենք տարբերակ չեն ունենալու չհամաձայնել։ Բնականաբար, առաջարկս անթերի չէ, բայց ես բողոքելու և դեպքերի հետևից գնալու փոխարեն միշտ փորձել եմ լուծումներ առաջարկել, որոնք աշխարհում փորձարկված են և հաջողություն են ապահովել այլոց։ Եթե հաջողել են ուրիշները, կարող ենք հաջողել և մենք, որովհետև աշխարհի ամենահին ժողովուրդներից ենք, խելացի ենք, աշխատասեր, կանք ու շարունակելու ենք լինել, և՝ փառք Տիրոջը»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: