Միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների գլխավոր գործադիր տնօրեն և խոշորագույն բաժնետեր Իլոն Մասկն ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին ընդառաջ հանրապետականներին ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել, գրել է «The New York Times»-ը։
Սա նրան դարձնում է ԱՄՆ Կոնգրեսի 2026 թվականի միջանկյալ ընտրությունների ամենախոշոր հայտնի դոնորը։ Նրա կատարած ներդրումները ներառում են 158 միլիոն դոլար՝ Սենատի հանրապետականներին աջակցող հիմնական «սուպեր PAC»-ին (քաղաքական գործողությունների կոմիտեին), և ավելի քան 76 միլիոն դոլար՝ «America PAC»-ին։ Վերջինն ընտրողների հետ աշխատանքի արշավներ է իրականացնում յոթ առանցքային նահանգներում, որտեղ Սենատի համար պայքարը լարված է, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի շուրջ 36 ընտրատարածքներում։
2025–2026 թվականների ընտրական ցիկլի ընթացքում միլիարդատերը նվիրաբերել է մոտ 366 միլիոն դոլար՝ գերազանցելով 2024 թվականին ծախսած 290 միլիոն դոլարը։
Մասկի կազմակերպությունն այցելել է մոտ 6,5 միլիոն տնային տնտեսություն՝ կենտրոնանալով պահպանողական ընտրողների մոբիլիզացման վրա այնպիսի քարոզարշավի միջոցով, որը քննադատում է դեմոկրատներին տրանսգենդերների վերաբերյալ քաղաքականության և սոցիալիզմի համար։
Չնայած այս հսկայական ծախսերին՝ Թրամփի հետ հաշտվելուց հետո նա քաղաքական առումով ավելի պակաս ակտիվ է դարձել։ Իլոն Մասկի «սուպեր PAC»-ը նախատեսում է շարունակել գործունեությունը նաև 2028 թվականի նախագահական ընտրությունների համար։