Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմախոսների հասցեին ատելության խոսք, սպառնալիքներ տարածելու վերաբերյալ հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե՝ վարույթի նախաձեռնման հարցի լուծման նպատակով, թե ինչ ճակատագիր է այն ստացել ՔԿ-ում՝ դեռևս պարզ չէ։
Արդեն շուրջ երրորդ շաբաթ տևող նախընտրական քարոզարշավի ընթացքում ՔՊ ներկայացուցիչների և առավելապես Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության խոսք և ընդհուպ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է հնչեցվում՝ ընդդիմախոսների, ընդդիմադիր քաղաքական գործիչների, անգամ արցախցիների նկատմամբ։
Ավելին, ընդդիմախոսներին «սատկացնելու» կոչերին զուգահեռ հրահանգներ են տրվում իրավապահ մարմիններին՝ ընդդիմախոսների դեմ քրեական գործեր հարուցելու։ Փաշինյանի կողմից ատելության խոսքի տարածման առնչությամբ «Փաստինֆո»-ն դիմել էր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք ուսումնասիրվում են դրանք, պարզվեց՝ սեփական նախաձեռնությամբ որևէ քննություն, անգամ ուսումնասիրություն չի իրականացվում։ Արդյունքում, ինչպես հայտնի դարձավ, այդ հանգամանքները քննության առարկա կդարձվեն, բայց՝ Արամ Վարդևանյանի հաղորդման հիման վրա։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քննել ընդդիմախոսների հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները։ Իր դիմումում Վարդևանյանը հիշեցնում է Փաշինյանի քարոզարշավի ընթացքում նրա խոսույթից որոշ հատվածներ, մասնավորապես՝ «դուք վախկոտ համբալներ եք», «չոքցնելու եմ սաղիդ», «հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղներդ» և նմանատիպ բառապաշարով արտահայտություններ, որոնցով վարչապետը դիմել էր ընդդիմախոսներին։ Վարդևանյանի գնահատմամբ՝ Փաշինյանի այս արտահայտությունները պարունակում են Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Վարդևանյանը թվարկել է այդ հոդվածները՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, հոգեկան ներգործություն, ինչպես նաև ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք։ Նա գլխավոր դատախազին ուղղված դիմումում ընդգծել է, որ
Նիկոլ Փաշինյանն, օգտագործելով իր պաշտոնից բխող ազդեցությունը, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը անձանց նկատմամբ՝ պայմանավորված նրանց ազգային ծագմամբ, քաղաքական և այլ հայացքներով։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ հաղորդումն ուղարկվել է ՔԿ՝ վարույթի նախաձեռնման հարցի լուծման համար։ ՔԿ-ից, սակայն, առայժմ զերծ մնացին հստակեցնելուց, գրավոր հարցում են խնդրել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: