«Այսօր խաղաղության պայմանագիր չկա: Կա նախաստորագրված մի փաստաթուղթ: Որ գանք, այդ նախաստորագրված փաստաթուղթը չենք պատռելու, չենք գցելու այն կողմ: Սխալ է արել, որ այս վիճակում գնացել, ստորագրել է, բայց այնուամենայնիվ, որ կա, մենք պետք է համալրենք առնվազն երկու հավելվածով՝ երաշխիքային համակարգը ձեւավորելու նպատակով: Սա նշանակում է՝ բերում ենք երաշխիքային համակարգ, որ խաղաղությունը լինի երաշխավորված, կայուն, ու չենք սկսում մեր զրոյական կետից»,- այսօր Վայքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
Լրագրողի հարցին՝ իսկ երաշխիքը ՌԴ-ի՞ց է գալու, Քոչարյանը պատասխանեց. «Պետք է լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարություն և հստակ ձևակերպված՝ ինչ հետևանքներ են լինելու խախտողի համար։ Ինչի՞ պետք է Հայաստանն այս նպատակը չհետապնդի։ Բացի այդ՝ պետք է լինեն երաշխավորող պետություններ՝ ԱՄՆ-ը և ՌԴ-ն՝ հաշվի առնելով այս տարածաշրջանում ՌԴ ազդեցությունը։ Դա կբալանսավորի շահերը։ Շատ լավ կլինի՝ ԵՄ-ը ինչ-որ մի պետությունով մասնակցի, իսկ իդեալական կլինի երաշխավորների՝ ՌԴ-ԱՄՆ-Չինաստան կազմը։ Իրատեսակա՞ն եմ համարում՝ այո՛, բայց այդ համակարգը չկա մի պատճառով՝ Ալիևին դա պետք չէ, որովհետև ուժեղ կողմն է, ՀՀ-ն չի էլ բարձրացրել այդ հարցը։ Արդեն ուրախ էր, որ գնաց Վաշինգտոն, նկարվեց Թրամփի հետ ու այդ մի լուսանկարի դիմաց վաճառեց ՀՀ շահերը»։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի ՀՀ այցին՝ Քոչարյանն ասաց, որ այդ այցը մեկ նպատակ ունի՝ եւս մեկ անգամ ցավեցնել ՌԴ-ին. «Իհարկե, նաեւ ընտրություններին միջամտելու փորձ է: Մենք այս վերջին երկու ամիսներին միայն ականատեսն ենք նման կարգի փորձերին, բայց չենք զարմանում… Իմ տպավորությամբ՝ պետքարտուղարի այցը նաեւ նախընտրական քարոզարշավի մի մասն է: Ենթադրում եմ՝ վիզ դրած ուզում են ամեն ինչ անել, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանն այս ընտրությունները չկորցնի: Չեմ տեսնում, որ ԱՄՆ-ն էական շահեր ունի Հայաստանում: Իրանի սահմանը վերցնել վերահսկողության տակ ու ցավեցնել ՌԴ-ին՝ սա է նպատակը, որ այս տարածաշրջանում ՌԴ-ին փոխարինի Թուրքիան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: