Իրանը ցանկանում է վճարներ գանձել Հորմուզի նեղուցում «ծառայությունների» համար


Իրանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի հայտարարել է, որ Թեհրանը վճարներ է գանձում Հորմուզի նեղուցով անցնող նավերից՝ «նավիգացիոն ծառայությունների» համար, բայց ոչ երթուղու իրական օգտագործման: «Մատուցվող ծառայությունները ներառում են նավարկություն, ինչպես նաև Հորմուզի նեղուցում, Պարսից ծոցում և Օմանի ծովում շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումներ, և այս ամենը պահանջում է որոշակի վճարներ»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ բացատրել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին:


Անցյալ շաբաթ Իրանը հրապարակել է Հորմուզի նեղուցի շուրջ գտնվող և ԻՀՊԿ-ի կողմից վերահսկվող տարածքի քարտեզը, որը մտնում է Արաբական Միացյալ  Էմիրությունների և Օմանի տարածքային ջրեր: Այս ֆոնին հինգ տարածաշրջանային պետություն՝ Բահրեյնը, Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, Միջազգային ծովային կազմակերպության (IMO) միջոցով պաշտոնապես կոչ են արել նավագնացության ընկերություններին չենթարկվել այդ պահանջներին:


Մարտից ի վեր Հորմուզի նեղուցով անվտանգ անցման համար վճարել են միայն այսպես կոչված «ստվերային նավատորմի» նավերը, որոնք հիմնականում կապված են Չինաստանի հետ: Արևմտյան դրոշի ներքո նավարկող ոչ մի նավապետ հրապարակավ չի խոստովանել նման վճարումներ կատարելու մասին, մասամբ՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկի պատճառով։


ԱՄՆ-Իրան քննարկվող խաղաղության համաձայնագրում Հորմուզի նեղուցը ներառված է որպես հիմնական կետ: The Washington Post-ը, հղում անելով ամերիկացի դիվանագետին, հաղորդում է, որ Սպիտակ տունն Իրանին առաջարկել է անհապաղ վերաբացել Հորմուզի նեղուցը և վերականգնել նավագնացության նախկին մակարդակը 30 օրվա ընթացքում: Ըստ պարբերականի՝ Թեհրանը կողմ է նեղուցի աստիճանական ապաշրջափակմանը՝ միայն Միացյալ Նահանգների փոխադարձ քայլերի դիմաց, մասնավորապես՝ իրանական նավահանգիստների շրջափակման վերացում և իրանական 12 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցում:

Leave a comment