Հայաստանը և Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում են ստորագրել 250 մլն եվրոյի վարկային գիծ տրամադրելու մասին համաձայնագիր։ Վարկը տրամադրվելու է բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում և ուղղվելու է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։
Ըստ Կառավարության ներկայացրած հիմնավորման՝ ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ։ ԱԶԲ-ն նախատեսում է համաֆինանսավորել ծրագիրը մինչև 250 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Ֆրանսիական զարգացման գործակալության վարկը նախատեսվում է տրամադրել մեկ մասնաբաժնով։
Վարկի ժամկետը 20 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի։ Մայր գումարը ենթակա է մարման 30 հավասար կիսամյակային վճարումներով։ Վարկի տոկոսադրույքը կարող է լինել լողացող կամ ֆիքսված։ Լողացող տարբերակի դեպքում այն հաշվարկվում է 6-ամսյա EURIBOR-ին ավելացված 2.3 տոկոսային կետով։ 2026 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ փաստաթղթում նշված EURIBOR-ը 2.820% է, հետևաբար այդ հաշվարկով վարկի տոկոսադրույքը կկազմի 5.120%։
Համաձայնագրով նախատեսվում են նաև լրացուցիչ վճարներ։ Մասնավորապես՝ վարկի գումարի 0.5%-ի չափով միանվագ գնահատման վճար և նույն չափով միանվագ կոմիսիոն վճար։ Չմասհանված գումարի նկատմամբ նախատեսվում է տարեկան 0.5% պարտավորության վճար։ Վարկի տրամադրումը կապված է նաև բարեփոխումների իրականացման հետ։
Ծրագրի հիմնական ուղղություններն են հանրային ֆինանսների և հանրային ծառայությունների կառավարման բարելավումը, ներպետական ռեսուրսների մոբիլիզացիայի և մասնավոր հատվածի զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, ինչպես նաև պարտքի կառավարման և ֆինանսական շուկաների արդյունավետության բարձրացումը։
Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակում բարեփոխումները կիրականացվեն երեք հաջորդական ենթածրագրերով։ Առաջին ենթածրագրի քաղաքականության գործողություններն ընդգրկում են 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակահատվածը։ Կառավարության հիմնավորման համաձայն՝ վարկային համաձայնագիրը չի նախատեսում ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորում։
Վարկային միջոցների ժամանակին ստացումը, ըստ հիմնավորման, կարևոր է 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից։
Նարեկ Կիրակոսյան