Հստակեցվում են ընտանիքի անապահովության գնահատման մեխանիզմները

Հասարակություն

25.05.2026 | 13:25

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող փաթեթին։ Նախագծով հստակեցվում են ժամանակավոր օթևանի, խնամքի, բնաիրային օգնության և ընտանիքի անապահովության գնահատման կարգին վերաբերող դրույթները։

«ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 25-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի տեղեկացմամբ օրենքի կիրարկման ընթացքում բացահայտվել են որոշ խնդիրներ, որոնք կարիք ունեն կարգավորման: Մասնավորապես, հստակեցվել են ժամանակավոր օթեւան տրամադրելու, խնամքի վերաբերյալ դրույթները, ավելացվել է «սոցիալական սպասարկող» հասկացությունը, որի համար նվազագույն պահանջներ են սահմանվում, որպեսզի այդ աշխատողները եւս կարողանան հավաստագրվել:

Լուսինե Քոչարյանի խոսքով հստակեցվել են նաեւ բնաիրային օգնությանը վերաբերող դրույթները:

Որոշ դրույթներով հստակեցվում է նաեւ ընտանիքի անապահովության գնահատման կարգը եւ այլն:

Նոր համակարգի ամբողջական ներդրման ժամկետը սահմանվել է 2026 թվականի հուլիսի 1-ը:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment