Պետքարտուղարության հիմնադրամի պատվիրակմամբ AECOM ընկերության թիմը սկսում է Հայաստանում TRIPP-ի տեղանքի հետազոտություններ

«Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան AECOM թիմը՝ սկսելուTRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները


ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելուTRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները։


Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:


Նշվում է, որ աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն և տարածաշրջանային ինտեգրում։


TRIPP նախագծի մասին


«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։


Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։


Leave a comment