ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ

Քաղաքականություն

ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ

ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցը փաստում է, որ ԱԺ նախընտրական գործընթացներն ընթանում են խիստ բևեռացված միջավայրում, որի վրա ազդում են ինչպես ներքին լարվածությունը, այնպես էլ արտաքին քաղաքական կողմնորոշումները:

23 ապրիլի-20 մայիսի ժամանակահատվածը ներառող զեկույցը  արձանագրում է՝ ընտրությունների առանցքային թեմաներն են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, Սահմանադրական բարեփոխումները և երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը: Հատկանշական է կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առկա աննախադեպ լարվածությունը, որը դարձել է քաղաքական բանավեճի գլխավոր նյութերից մեկը:

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են 17 քաղաքական կուսակցություն և 2 դաշինք: Պայքարին մասնակցում են ընդհանուր թվով 2,032 թեկնածու: Չնայած գենդերային քվոտաներին, կանանց մասնակցությունը ղեկավար պաշտոններում մնում է ցածր. մասնակցող ուժերից միայն մեկի ցուցակն է գլխավորում կին:

Քարոզարշավը և «կոշտ» հռետորաբանությունը

Պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին, սակայն շատ ուժեր սկսել էին իրենց գործունեությունը շատ ավելի վաղ: Դիտորդներն արձանագրել են, որ քարոզչական խոսույթն ունի պառակտող և կոշտ բնույթ՝ հաճախ ուղեկցվելով պատերազմական հռետորաբանությամբ և փոխադարձ վիրավորանքներով:

Մտահոգիչ են նաև ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերը: Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ, իսկ կուսակցության բազմաթիվ աջակիցներ ձերբակալվել են ձայների գնման և բարեգործական միջոցների չարաշահման մեղադրանքներով:

Ենթադրյալ խախտումներ

Ըստ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցի՝ ընտրական գործընթացի տարբեր փուլերում արդեն իսկ արձանագրվել են մի շարք ենթադրյալ խախտումներ և մտահոգիչ երևույթներ.

            Ձայների գնում և կաշառք. Իշխանությունները նախաձեռնել են ավելի քան 54 քրեական վարույթ՝ կապված ձայների գնման և կաշառքի հետ։ Այս գործերի մեծ մասը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցներին։ Կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ այս մեղադրանքներով ձերբակալվել կամ բերման է ենթարկվել ավելի քան 250 մարդ։

Վարչական ռեսուրսի չարաշահում. Դիտորդական առաքելության զրուցակիցները մի շարք մարզերում հայտնել են վարչական ռեսուրսների չարաշահման դեպքերի մասին։ Մտահոգություններ են հնչել նաև ընտրությունների նախաշեմին իրականացվող սոցիալական և տնտեսական միջոցառումների վերաբերյալ (օրինակ՝ կենսաթոշակների բարձրացում, պարգևավճարներ պաշտոնյաներին, զրոյական տոկոսադրույքով վարկեր), որոնք կարող են դիտարկվել որպես շահեկան գործող իշխանությունների համար։

     Բարեգործության անվան տակ քարոզչություն. Հարուցվել են քրեական գործեր «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ փոխկապակցված բարեգործական կազմակերպությունների վերաբերյալ, որոնք մեղադրվում են բարեգործության անվան տակ ֆինանսական միջոցներ տրամադրելու մեջ։

Հիբրիդային սպառնալիքներ և օտարերկրյա միջամտություն

Զեկույցը հատուկ անդրադառնում է Հայաստանի դեմ ուղղված օտարերկրյա ազդեցության գործողություններին: Հրապարակված տվյալների համաձայն՝ սոցիալական հարթակները (Meta, Google, TikTok) հեռացրել են հարյուրավոր ոչ իսկական հաշիվներ և ալիքներ, որոնք կապված են եղել Ռուսաստանի և Ադրբեջանի հետ և տարածել են մանիպուլյատիվ բովանդակություն՝ թիրախավորելով ընտրական գործընթացը:

Լրատվական դաշտը

 Չնայած լրատվական միջավայրը բազմակարծիք է, փորձագետները մտահոգություն են հայտնում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից լրագրողների դեմ ներկայացվող դատական հայցերի աճի վերաբերյալ: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ինդեքսում Հայաստանը 2025 թվականի 34-րդ հորիզոնականից 2026-ին նահանջել է 50-րդ հորիզոնական:

Ինչ վերաբերում է ընտրությունների տեխնիկական կազմակերպմանը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պահպանում է օրենքով սահմանված բոլոր ժամկետները: Զրուցակիցների մեծ մասը դրական է գնահատել հանձնաժողովի տեխնիկական կարողությունները, թեև մտահոգիչ է մնում ընտրատեղամասերի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Այնուամենայնիվ, մտահոգիչ է մնում ընտրատեղամասերի մատչելիությունը (միայն 31 տոկոսն է մատչելի), ինչպես նաև հոգեկան առողջության հիմքով ընտրական իրավունքի սահմանափակումները, որոնք հակասում են միջազգային ստանդարտներին։

Դիտորդական առաքելությունները

Ընտրությունները գտնվում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: ԿԸՀ-ն գրանցել է 13 տեղական դիտորդական խումբ և 8 միջազգային կազմակերպություն: ԺՀՄԻԳ առաքելությունը բաղկացած է 13 անդամից կազմված հիմնական թիմից և 30 երկարաժամկետ դիտորդներից, որոնք արդեն իսկ իրականացնում են մշտադիտարկում ողջ երկրի տարածքում:

 

 

Leave a comment