«Քանի որ մի քանի անգամ արդեն նստել-հելել եմ, արդեն նստած-հելած տղա եմ»,- Արմավիրում «Հայաստան դաշինքի» քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան դաշինքի» առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա՝ գալու է մի պահ, երբ արդեն անհարմար է լինելու հատկապես քաղաքականությամբ զբաղվողների համար, եթե պարզվի՝ գոնե մի քանի օր չեն նստել․ «Այդ վիճակին են հասցրել երկիրը, բայց միշտ խոսում են ժողովրդավարության մասին»։ Նա նկատեց՝ մրցում ենք եկեղեցու հետ՝ քանի սրբազան, քանի քաղաքական գործիչ է նստած։
Անդրադառնալով Ռուսաստանից հնչող հայտարարություններին՝ Ռոբերտ Քոչարանն ասաց․ «Այսօր ՀՀ-ն ունի մեծ շուկա՝ ԵԱՏՄ շուկան, մեր գյուղատնտեսական ապրանքների ավելի քան 90 տոկոսը գնում է ՌԴ։ Սա այն մոդելն է, որը հնարավորություն է տալիս զարգացնել երկիրը, արդյունաբերությունը։ Ի՞նչ է անում այս իշխանությունը․ ամեն ինչ անում է այդ մոդելը քայքայելու համար»։
Անդրադառնալով արտաքին քաղաքականության ոլորտում վարվող քաղաքականությանը՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Չի կարող երկիրը վարել մեկ տնտեսական քաղաքականություն, բայց արտաքին քաղաքականությունն այլ ուղղությամբ լինի։ Իշխանությունը տանում է լրիվ հակառակ ուղղությամբ։ Այն սահմանափակումները, որոնք հնչեցնում են ՌԴ-ի պաշտոնյաները, ուղղակի հարված է լինելու երկրի համար։ Ամիսներ զգուշացնում ենք՝ լեզվին մի տվեք, մեծ երկրների հետ հակասության մեջ մի մտեք։ Ասում են ընդդիմությունն է մեղավոր։ Ընդդիմությունն է, հա՞ Զելենսկուն հրավիրել Հայաստան, հիմար հայտարարություններ անում, քայլեր անում արտաքին քաղաքականության ոլորտում, որոնք ուղղակի ուղղված են ՌԴ-ի դեմ։ Մենք զգուշացնում ենք՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, դուք ստեղ կառավարություն եք այս ժողովրդի շահերը սպասարկելու համար։ Մեր՝ իշխանության գալու պարագայում այս ամենը փոխվելու է։ Մենք շատ լավ հարաբերություններ ենք ունենալու Եվրոպայի հետ, շատ ավելի լավ դաշնակցային հարաբերություններ ենք ունենալու ՌԴ-ի հետ, բայց երկիրը իրենց հակասությունների արանքում չենք դելու։ Երկիրը փորձադաշտ մի դարձրեք, երկիրը տրենաժոր չէ, որ երկրի վրա սովորեք՝ ընկելով-ելնելով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: