Խնդրել ենք, որ առնուազն չորս տասնեակ ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ կիրառուեն պատժամիջոցներ. Սիրանոյշ Սահակեան. «Ասպարեզ»

Արցախահայութեան իրաւունքներն ու Ադրբեջանում պահուող հայ գերիների իրավիճակը ԱՄՆ Կոնգրեսում վերջերս առիթ ունեցաւ ներկայացնելու իրաւաբան, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանոյշ Սահակեանը՝ Վաշինգտոնում, Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի կազմակերպած «Շահերի պաշտպանութեան օրերի» (Advocacy Days) շրջանակներում:

Վերոնշեալ հարցերի շուրջ Սահակեանը նաեւ կիսուեց «Ասպարէզ»ի հետ բացառիկ հարցազրոյցում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Միացեալ Նահանգներ Ձեր այցի ընթացքում բազմաթիւ հանդիպումներ ունեցաք կոնգրեսականների հետ: Ի՞նչ հարցերի շուրջ էին յատկապէս քննարկումներն ու զրոյցները:

ՍԻՐԱՆՈՅՇ ՍԱՀԱԿԵԱՆ.- ԱՄՆ այցս սկսուեց Վաշինգտոնից, որտեղ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ, Կոնգրեսում տարբեր հանդիպումների ժամանակ ներկայացրեցինք մեր առաջնահերթութիւնները, հիմնախնդիրներն ու տարբեր կոնգրեսականների իրաւասութիւնների տիրոյթում առաջարկներ ձեւակերպեցինք: Այդ շարքում յատկապէս առաջնային էր՝ Ադրբեջանին ռազմական օգնութիւնից զրկելը, այնպիսի պայմանների տրամադրումը, ինչը կը յանգեցնի Բաքւում պահուող հայ գերիների անվերապահ եւ անյապաղ ազատ արձակմանը, պատժամիջոցների կիրառմանը: Մենք հարիւրաւոր էջերից բաղկացած նիւթեր ենք տրամադրել ԱՄՆ պետքարտուղարութեանը, որտեղ հիմնաւորել ենք «Գլոբալ Մագնիտսկու ակտ»ի (որոշման) շրջանակներում պատժամիջոցների կիրառման անհրաժեշտութիւնը ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ՝ մարդու իրաւունքների կոպիտ, ծանր եւ միջազգայնօրէն ճանաչուած խախտումների համար:

Ունենք արձանագրուած սահմռկեցուցիչ դէպքեր, օրինակ՝ գլխատումներ, արտակարգ սպանութիւններ՝ այդ թւում խմբակային, գնդակահարութիւններ, խոշտանգումներ, ապօրինի ազատազրկումներ, արդարադատաքննութեան իրաւունքի խախտումներ եւ աւելի լայնածաւալ՝ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւններ, բռնի տեղահանութիւն: Ըստ այդմ, խնդրել ենք, որ առնուազն չորս տասնեակ ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ կիրառուեն պատժամիջոցներ:

Մեր ներկայացրած փաթեթը, ըստ էութեան, համապատասխանում է իրաւական պահանջներին, բայց ցանկացած պատժամիջոց ունի իրաւական եւ քաղաքական տարր, այսինքն քննարկւում է նաեւ պատժամիջոցի կիրառման քաղաքական նպատակայարմարութիւնը, եւ այստեղ է, որ մենք փակուղային իրավիճակներում ենք յայտնւում: Սակայն, նոյնիսկ եթէ չկայ անմիջական քաղաքական նպատակայարմարութիւն պատժամիջոց կիրառելու համար, կայ արարքները հետաքննելու հնարաւորութիւն, եւ Կոնգրեսն ունի նման լիազօրութիւններ ու կարող է մեկնարկել ներկայացուած փաստերի անկախ քննութիւն, որից յետոյ դրանք այլ ժամանակային հատուածում կարող են յանգեցնել որոշակի անձանց պատասխանատուութեան ենթարկելու:

Ինչեւէ, մեր ասելիքի կարեւորութիւնն այն էր, որ այդ դէպքերը պէտք է հետաքննուեն, եւ ամերիկեան իշխանութիւնները չեն կարող աչք փակել կատարուածի առնչութեամբ, ու պէտք է պատասխանատուութիւն ստանձնեն դրանց վերացման, հետագայ կանխարգելման գործում: Պատժամիջոցների կիրառման հարցում այս պահին եղած դիմադրութիւնը կանխատեսելի էր, բայց իմ անձնական գնահատականն այն է, որ ժամանակի հարց է: Մշտական շահեր եւ մշտական բարեկամներ չկան, եւ կարեւոր է բաց չթողնել տուեալ պահը, որովհետեւ եթէ կայ արձանագրում, չկայ արձագանգ, սա մի խնդիր է, եւ եթէ չկայ արձանագրում՝ այլեւս չի կարող լինել արձագանգ, սա այլ իրողութիւն է: Որպէս իրաւապաշտպան ես կարեւորում եմ դէպքերի ճիշդ արձանագրումը, որից յետոյ արդէն պէտք է բաց լինենք քաղաքական աշխատանքի համար:

Նաեւ, շրջանառութեան մէջ էինք դրել նամակ, որը կապուած էր Ադրբեջանում պահուող հայ գերիների ազատ արձակման հետ, եւ շատ կոնգրեսականներ համաձայնուեցին ստորագրել այն, ու հետագայում դերակատարում ունենալ օրենսդրական փոփոխութիւնների իրականացման գործում, որոնք զսպումների համակարգ կ՝ընդունեն հայ-ադրբեջանական յարաբերութիւններում:

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment