Կառավարությունը սահմանեց Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը սահմանել է Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները 2026 թվականի համար։ Որոշման նախագիծը ներկայացրել է  Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ 2026 թվականի համար Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակը կկազմի 550 տոննա։

«Որսի իրականացման ժամկետը սահմանվում է 2026 թվականի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը»,-նշել է Մկրտչյանը։

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ 2025 թվականի տարեվերջի տվյալներով՝ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական որսի համար նախատեսված ողջ պաշարը գնահատվել է 1373.9 տոննա։

Նրա խոսքով՝ սահմանված չափաքանակն ու ժամկետները նպատակ ունեն ապահովելու սիգի պաշարների կայուն կառավարումն ու պահպանությունը՝ միաժամանակ թույլ տալով իրականացնել վերահսկելի արդյունագործական որս։

Leave a comment