Լավրով․ Հայաստանին փորձում են ներքաշել սխալ տրամաբանության մեջ՝ ՌԴ-ին վնասելու նպատակով

Հայաստանին փորձում են ներքաշել սխալ տրամաբանության մեջ՝ ՌԴ–ին վնասելու նպատակով։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Արևմուտքը փորձում է Ռուսաստանից պոկել դաշնակիցներին, առաջին հերթին՝ հարևաններին, ինչպես դա արեց Վրաստանի, Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում է Ուկրաինայի հետ, ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ», – ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի վեհաժողովում:։

Նա ընդգծել է` նպատակը Ռուսաստանին հնարավորինս ցավեցնելն է։ Լավրովի խոսքով՝ Արևմուտքն ամեն կերպ ձգտում է թույլ չտալ Ռուսաստանի՝ որպես իսկապես մեծ տերության և քաղաքակրթության պահպանումն ու ամրապնդումը։

Հիշեցնենք` 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ:

Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:

Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները:

Մայիսի 9-ին Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մայիսի 18-ին հայտնեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի թեման կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ մայիսի 21-ին հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել։

Sputnik Արմենիա

Leave a comment