ՄԻՊ-ը կայցելի ընտրատեղամասեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացների մատչելիությունը մշտադիտարկելու նպատակով


Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնող անկախ պաշտոնատար անձ, մեկնարկել է ընտրատեղամասեր այցերի իրականացումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացների մատչելիությունը մշտադիտարկելու նպատակով: Այդ մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:


 


Մշտադիտարկման ընթացքում ուսումնասիրվում են ընտրատեղամասերի ֆիզիկական և տեղեկատվական մատչելիության պայմանները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների արդյունավետ իրացման երաշխիքները։


 


«Հարգելի՛ քաղաքացիներ,


 


Եթե ունեք տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ և եթե այն ընտրական տեղամասը, որի ընտրական ցուցակում ընդգրկված եք, մատչելի չէ ձեր ընտրելու իրավունքն իրացնելու համար, ապա քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն (մինչև 2026 թվականի մայիսի 26-ը ժամը 14։00-ն) իրավունք ունեք դիմում ներկայացնելու լիազոր մարմին (Հայաստանի Հանրապետության ցանկացած անձնագրային բաժին)՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ձեր նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին՝ նշելով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց համար մատչելի ընտրական տեղամասի համարը։


 


Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:


 

Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրական տեղամասերի ցանկը հրապարակված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ հետևյալ հղումով»,- ասված է հաղորդագրության մեջ:


 


 

Դիտումների քանակ6

Leave a comment