ԿԸՀ-ն համաձայնեց. Անդրանիկ Թևանյանին կզրկեն անձեռնմխելիությունից, և քրեական վարույթ կսկսվի

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տվեց դատախազության` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ միջնորդությանը։

Նշենք, որ կուսակցության պատգամավորի թեկնածուն ունի անձեռնմխելիություն, ու դրանից զրկելու համար համաձայնություն պետք է տա հենց ԿԸՀ–ն։ Դատախազությունը մայիսի 22-ին է այդ հարցով միջնորդություն ներկայացրել։

ԿԸՀ–ն այս հարցը քննարկել է փակ նիստում, որը սկզբում նշանակվել էր ժամը 17։00-ին, ապա տեղափոխվեց ավելի շուտ` ժամը 14։30-ին։

«Քիչ առաջ քվեարկություն տեղի ունեցավ, ու չնայած այն բանին, որ գործն ամբողջությամբ ջուր էր, համարվեց, որ Քննչական կոմիտեի ներկայացվածը համապատասխանում է իրականությանը և համաձայնությունը տրվեց միաձայն`7 անդամն էլ կողմ քվեարկեցին»,– ԿԸՀ–ի մոտ «7 օրին» ասաց ասաց Թևանյանը։

Նա նշեց, որ այս որոշումից հետո դատախազությունն անմիջապես ներկայացրել է հաջորդ միջնորդությունը` խափանման միջոցի փոփոխություն մասին։

«Շըփ–թըփ տարբերակով քննություն տեղի ունեցավ և հիմա ընդմիջում է հայտարարված, որպեսզի քիչ հետո որոշում կայացնեն` տան իրենց «դաբրոն», որ ինձ ազատությունից զրկեն, թե` ոչ»,– հավելեց Անդրանիկ Թևանյանը։ Նա այս պահին փաստաբանների հետ գնում է Քննչական կոմիտե։

Դատախազությունից էլ Sputnik Արմենիային հայտնեցինԿԸՀ-բ բավարարել է դատախազության 2 միջնորդությունները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ:

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:

Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։

Նշենք, որ Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է։

Sputnik Արմենիա

Leave a comment