Ոչ թե զրո քաղաքականություն, այլ զրո բարոյականություն․ այսպիսին է ձեր բովանդակությունը․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«ՍՏԱԽՈՍ ԵՎ ԱՆԲԱՐՈ

Հիշում եք՝ զրո քաղաքականություն կրթական համակարգում․ այսպիսին էր ՔՊ խոստումներից մեկը, որի մասին փրփրաբերան հայտարարում էին բարձր ու միջին տրամաչափի «հեղափոխականները»։ Այսօր նաև անտրամաչափերը․․․

Դեմոնիզացնելով նախկիններին, ՆՓ-ն խոստանում էր ապաքաղաքականացնել բուհերը, հայտարարում էր՝ որևէ կուսակցական չպետք է իրավունք ունենա բուհ կառավարել, բուհերի կառավարման խորհուրդները պետք է ազատել ՀՀԿ-ից և նրա վերահսկողությունից։

«Զրո քաղաքականություն դպրոցում», ազդարարում էին իրար հաջորդող ԿԳՄՍ նախարարները։

Փաշինյանն ու թիմը դարձյալ ստում էին․ այս խոստումը ևս, այս թիմի բոլոր խոստումների պես դատարկ պոպուլիզմ էր, փուչիկ, քվե և իշխանություն գողանալու լեզվավարժանք։

Այս մասին՝ նրա աչքերի մեջ նայելով, ասում են անգամ երեխաները․․․

Եվ ուրեմն ԵՊՀ կառավարման խորհրդում Սերժ Սարգսյանին փոխարինելու եկավ Սուրեն Պապիկյանը։ Եվ այսպես բոլոր բուհերում՝ միայն յուրայիններ։

Մինչդեռ վերջերս ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի Հոդված 26-ի 7-րդ կետում շատ որոշակի, հայերենով, սևով սպիտակի վրա ամրագրված է՝ «․․․արգելվում է բուհի կառավարման մարմիններում կուսակցության անդամների ներգրավումը։ Նշված հանգամանքի առաջացումը հիմք է բուհի նշված պաշտոններից անձի ազատման․․․»։

Իսկ Սուրեն Պապիկյանը ոչ միայն շարքային կուսակցական չէ, այլև՝ ՔՊ վարչության անդամ։

Դե իհարկե, ԿԳՄՍ նախարարը, որը Մանկավարժականի կառավարման խորհրդի նախագահն է, բնականաբար չլսելու և չտեսնելու կմատնի իրեն, ինչպես և Պապիկյանին հովանավորող Փաշինյանը։ Ի դեպ, մանկավարժականում սկանդալների պակաս չկա․․․

Սուտն ու երեսպաշտությունը սրանց համար նորմ է, ու դեռ կշարունակեն պնդել, թե ինչ «հերոսական և աննախադեպ» փոփոխություններ են բերել կրթական համակարգ․․․

Եվ ահա արձակուրդ-քարոզարշավի մեջ գտնվող պաշտպանության նախարար, ՔՊ վարչության անդամ և ԵՊՀ Կառավարման խորհրդի նախագահ Ս․ Պապիկյանը, առաջնորդից հետ չմնալու և նրա հետ հավասարությունը պահելու ջանասիրությամբ կոկորդ էր պատռում, թե «սԸտահակ․․․դավադիր բորենիների զավակները ինչո՞ւ չեն վիրավորվել կամ նահատակվել»։

Այս ողջ խոսույթի բարոյականությունը, ճղճիմությունն ու հրեշավորությունը թողնելով նրանց խղճին, արձանագրենք նաև, թե ինչ բերկրանքով և խանդավառությամբ է ԵՊՀ ռեկտոր Հովհաննիսյանը, որ նույնպես օրենքի ուժով քաղաքական չեզոքություն ապահովելու պարտադրանք ունի, կիսել իր էջում «ղեկավարի գոհար մտքերը»։

Ոչ թե զրո քաղաքականություն, այլ զրո բարոյականություն․ այսպիսին է ձեր բովանդակությունը․․․

Ու արյան ծարավ ու մահվան վաճառական էս երկուսին վստահում ենք մեր երեխաների կրթությունն ու անվտանգությունը։

Որ դուք թքած ունեք օրենքի վրա, սեփական ժողովրդի վրա, նորություն չէ․․․որ ձեր բաստիոնը բարոյականության ճահիճ է, դարձյալ նորություն չէ․․․

Եվ հենց դուք եք հիմնավորում ձեր և ձեր արժեքային համակարգի, ձեր բոլշևիկյան տգիտության և ցինիզմի մերժելիությունը։

Բան չմնաց․․․

հ․գ․ Մեկնաբանության մեջ սրանց բարձրագոչ խոստումներից մի խայծ․․․»։

Leave a comment