Դատախազը Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով: Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Դատախազության երկու միջնորդությունները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ:
Նշենք, որ պատգամավորի թեկնածուն նախընտրական շրջանում ունի անձեռնմխելիություն։ ԿԸՀ-ի համաձայնությունը չի պահանջվում, եթե թեկնածուն բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։
Բացի այդ, առավոտյան հայտնի է դարձել, որ Երևանի «Մայր Հայաստանի» գրասենյակն իրավապահները խուզարկում են հարուցված պետական դավաճանության գործի շրջանակում, Թևանյանը նույնպես ներկա էր գործողություններին։
Ըստ ՔԿ-ի՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն, որը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում աջակցել է «Հայաստան» դաշինքին և ընդգրկված եղել նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում, 2024 թվականին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։
Քննության տվյալներով՝ Ա.Թ.-ն համագործակցել է «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենի հետ, որը, ըստ իրավապահների, հանդիսացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչ։ Վերջինիս հանձնարարությամբ, ըստ հաղորդման, նա զբաղվել է լրտեսությամբ և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։
Խոսքը, ենթադրաբար, վերաբերում է 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովում անցկացված փակ նիստին, որի ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման ու սահմանագծման հիմնախնդիրները»։ Այդ նիստին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հաջորդ օրը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, Արարատ Միրզոյանը հայտարարել էր․ «Երեկ ես, օգտվելով այն հնարավորությունից, որ նիստը փակ էր և այն, ինչ կասվի իմ կողմից հասանելի կլինի միայն Հայաստանի քաղաքական դաշտին, մասնավորապես խորհրդարանական ընդդիմությանը, և չի հասնի այլ մայրաքաղաքներ, փորձեցի ռացիոնալ բացատրություն տալ, ռացիոնալ երկխոսություն ծավալել՝ բացատրելով, որ Հայաստանի Հանրապետությունը բանակցություններում, այդ թվում՝ առաջին հերթին սահմանազատման բանակցություններում, կարող է առաջնորդվել կամ հենվել միայն լեգիտիմության հենքերի վրա»։
ՔԿ-ի պնդմամբ՝ Ա.Թ.-ն ռուսերեն թարգմանված տեսքով փոխանցել է փակ նիստի ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ՝ դրա դիմաց ստանալով առանձնապես խոշոր չափերի՝ 622 հազար ԱՄՆ դոլար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության, և 424-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրտեսության հատկանիշներով։
Նշենք, որ Թևանյանը 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2023 թվականի օգոստոսի 17-ին, սակայն, վայր է դրել պատգամավորական մանդատը։
Արաքս Մամուլյան