Օվերչուկ․ ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելու Փաշինյանի որոշումն ազդակ է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Աստանայում սպասվող ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը խոսում է այն մասին, թե ինչպես է նա դասավորում իր առաջնահերթությունները։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցելու մայիսի 28-29-ին Աստանայում սպասվող ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովում Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Այն, որ նա այնտեղ չի լինելու, արդեն իսկ որոշակի ազդակ է այն մասին, թե ինչպես է նա դասավորում իր առաջնահերթությունները»,-ասել է Օվերչուկը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կանդրադառնա Փաշինյանի բացակայությունը գագաթնաժողովի աշխատանքների վրա։

Նրա խոսքով՝ առաջիկա հանդիպման ընթացքում քննարկվելու են Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում ԵՄ-ին անդամակցելու ծրագրերին վերաբերող հարցերը։

 «Ինչ ձևաչափով Փաշինյանը ներկա կլինի գագաթնաժողովին… Եթե նա հայտնվի հեռուստացույցով, ավելի լավ կլինի, քան եթե ընդհանրապես չլինի»,-նշել է Օվերչուկը։

Sputnik Արմենիա

Leave a comment