Արվեստի լաբորատորիա՝ դատարկ մնացած ձեղնահարկում. ստեղծարար հնարավորությունների կենտրոն՝ Գյումրիում

Գյումրու սրտում գտնվող և զբոսաշրջային ամենամեծ հետաքրքրություն ունեցող մշակութային կառույցներից մեկի՝ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի՝ շարունակ դատարկ մնացած ձեղնահարկը վերածվելու է համայնքային արվեստի լաբորատորիայի (Community Art Lab):

Տարածքը նախատեսվում է դառնալ ստեղծարար կենտրոն, մշակութային փոխանակման հարթակ և քաղաքի արվեստագետների հանդիպման վայր։ Նախագծի ավարտից հետո պատկերասրահի՝ նախկինում լքված հատվածը կվերածվի քաղաքի համար ամբողջությամբ կահավորված ստեղծարար ենթակառուցվածքի։

«Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքում գտնվող Ասլամազյան քույրերի պատկերասրահում, որը գործում է 1987 թվականից, ցուցադրված են Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքները։ Թեև այն արդեն կարևոր մշակութային կենտրոն է, նոր նախագիծը նպատակ ունի ընդլայնել դրա դերը՝ թանգարանային տարածքից վերածելով ժամանակակից ստեղծագործության կենդանի հարթակի։

Քաղաքի համար նոր ստեղծարար ենթակառուցվածք

Ապագա արվեստի լաբորատորիան ունենալու է արվեստանոց, ժամանակակից արվեստի ցուցասրահ, մուլտիմեդիա գրադարան, անտիկաֆե, տեխնոլոգիապես հագեցած լաբորատորիաներ, որոնք օգտագործվելու են Գյումրի քաղաքի կարիքների համար։

Դրա հիմնական գործառույթներից մեկը լինելու է ստեղծարար գործունեությունը քաղաքային զարգացման հետ կապելը։ Օրինակ՝ եթե քաղաքին անհրաժեշտ լինեն հանրային ենթակառուցվածքների նոր ձևավորումներ՝ գովազդային վահանակներ, նստարաններ, աղբամաններ, այս տարածքը կտրամադրվի ստեղծագործ մարդկանց՝ դրանք պատրաստելու։

Նախատեսվում է, որ ձեղնահարկը կդառնա կենտրոն, որը կձևավորի և կազդի քաղաքի մշակութային ճաշակի վրա։ Նախագիծը պատկերասրահի բակից ապահովելու է ուղիղ մուտք դեպի տանիք։ Բակում կտեղադրվի նաև բեմ, որտեղ կանցկացվեն համերգներ և մշակութային այլ միջոցառումներ՝ ստեղծելով աշխույժ, ստեղծարար մթնոլորտ։ Այս բոլոր բաղադրիչները նպատակ ունեն տարածքը վերածելու ակտիվ մշակութային գոտու։

Չօգտագործվող ձեղնահարկից՝ միջազգային ստեղծարար կենտրոն

Նախագիծը կհյուրընկալի միջազգային արվեստագետների աշխարհում տարածում գտած արվեստի ռեզիդենտների (artist-in-residence) ծրագրերի միջոցով։ Նկարիչներ, երաժիշտներ, գրողներ ու այլ ստեղծագործողներ կհրավիրվեն աշխատելու Գյումրիում՝ դուրս գալով իրենց սովորական միջավայրից, ապրելով, աշխատելով, ստեղծագործելով նոր արվեստային միջավայրում։

Ասլամազյան քույրերի պատկերասրահը հույս ունի տարեկան հյուրընկալել 10-12 արվեստագետի, որոնք կաշխատեն ձեղնահարկում ստեղծվող արվեստի լաբորատորիայում, իսկ նրանց աշխատանքները կցուցադրվեն հենց այնտեղ։ Տարածքում կկազմակերպվեն նաև վարպետության դասեր։

Նախագծի նախնական պլանավորման փուլն արդեն ավարտվել է։

Ինչպե՞ս ծնվեց գաղափարը

Aravot.am-ի հետ զրույցում Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրեն Կարեն Բարսեղյանը նշեց, որ երկար ժամանակ փնտրում էին մեծ, չօգտագործվող ձեղնահարկն արդյունավետ օգտագործելու տարբերակներ։

«Գյումրու մշակութային կյանքում շատ տարածքներ են պետք, դա էլ կյանքի կոչեց մեր գաղափարը։ Ընկերներով հավաքվեցինք, քննարկեցինք, ու քանի որ ԵՄ-ի ծրագիրն էր ընթացքի մեջ, քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի մասնակցությամբ հղկվեց ու մտավ ծրագրի մեջ»,- պատմեց Կարեն Բարսեղյանը։

Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը «Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունն է, որը մեկնարկել է 2017 թվականից և 2021 թվականից իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ աշխատելով համայնքների հետ՝ զարգացնելու նրանց ներքին կարողությունները, ինչը հնարավորություն կտա մշակել տեղական տնտեսական և մշակութային ռազմավարություններ՝ պորտֆելային մոտեցում կոչվող նորարարական մեթոդաբանության միջոցով։

Կարեն Բարսեղյանը պատմեց․ «Մենք ստացանք ֆինանսավորում առաջին փուլով կոնցեպտի մշակման համար։ Իսկ կոնցեպտը մշակելու համար համայնքի արվեստագետներին հավաքել ենք մեր պատկերասրահում, քննարկել ենք գաղափարը և թե ինչպես իրագործենք այն։ Կոնցեպտը մշակեցինք, հետո մի քանի ճարտարապետների մասնակցությամբ ձևավորվեց նախագիծը, որը հաստատվեց, և գաղափարը սկսեց մարմնավորում ստանալ»։

Նա ասաց՝ ծրագրի ավարտից հետո, պատկերասրահը կկարողանա եվրոպական տարբեր երկրների արվեստի լաբորատորիաների հետ համագործակցել։ Այն կխթանի նաև զբոսաշրջիկների հոսքի ավելացումը․ նրանք Գյումրու սրճարաններ այցելելու ու այնտեղից համակարգչով կամ հեռախոսով աշխատելու փոխարեն կկարողանան գալ պատկերասրահի ձեղնահարկ, որտեղ նրանց գերարագ ինտերնետային կապ կհատկացվի, կաշխատեն, հետո կշարունակեն զբոսանքը Գյումրիում։

«Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունը և դրա դերակատարությունը Գյումրիում

«Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության ղեկավար Քրիստ Մարուքյանի տեղեկացմամբ՝ ծրագրի կողմից Գյումրիում կատարված «միջամտությունները» կենտրոնացել են մշակութային տուրիզմի և ներկայիս մշակութային ենթակառուցվածքների զարգացման վրա։

Aravot.am-ի հետ զրույցում Քրիստ Մարուքյանն ասաց․ «Պորտֆոլիոյի թիմի հետ փորձել ենք հասկանալ`արդյոք այն մշակույթը, որը ներկայացվում է Գյումրիում, հարյուր տարի առաջ ստեղծված մշակութային նմուշնե՞րն են, և արդյոք Գյումրին շարունակո՞ւմ է արտադրել մշակույթ»։

Հայաստանում նախաձեռնության առաջին շահառու համայնքներն են Արենին, Գյումրին և Կապանը։ Մեկնարկել է նախաձեռնության երրորդ փուլը, որը կիրականացվի մինչև 2028 թվականը։ Այս փուլում նախաձեռնությունն աշխատում է Նոյեմբերյան, Ապարան և Գորիս համայնքների հետ։ Նախատեսվում է, որ ևս երկու նոր համայնք կմիանա ծրագրին առաջիկա ամսվա ընթացքում։

Խոսելով նախաձեռնության գործողությունների մասին՝ Քրիստ Մարուքյանը նշեց՝ դրանք սկսում են համայնքային ունկնդրումից, որի շրջանում համայնքապետարանների աշխատակիցները լսում են, թե համայնքի բնակիչները ոնց են տեսնում համայնքի խնդիրները, լուծումները և իրենց դերը ու այդ տեղեկատվության համադրմամբ՝ հասկանում համայնքի զարգացման տեսլականը․ «Այնուհետև որոշվեցին այն ուղղությունները, որոնցով պետք է արվեն միջամտություններ։ Կապանն ընտրել է սոցիալական խնդիրների լուծման ուղղությունը և բիզնեսի դիվերսիֆիկացիան, Արենին՝ որպես խոշորացված համայնք, ուշադրություն է դարձրել նոր միացած ինը բնակավայրերի ինտեգրմանը զբոսաշրջային առաջարկների մեջ՝ տեղական տեսարժան վայրերի բացահայտման միջոցով։ Իսկ Գյումրիում շեշտը դրվել է մշակութային տուրիզմի վրա, ինչպես նաև այնպիսի գործիքների ներդրման վրա, որոնք կաջակցեն համայնքին զբոսաշրջության ոլորտում տվյալների արդյունավետ հավաքագրման, վերլուծության և որոշումների կայացման գործընթացներում»։

Քրիստ Մարուքյանը հայտնեց, որ Գյումրիում նախաձեռնության կողմից «միջամտությունների» շարքում են Ասլամազյան քույրերի տուն-թանգարանի երրորդ հարկը արտ լաբորատորիայի վերածելու նոր հայեցակարգի մշակումն ու ներկայացումը համայնքապետարանին, ինչպես նաև ամբողջովին նոր ցուցադրության հայեցակարգի ստեղծումը՝ ներառյալ ճարտարապետական նախագծերը, գծագրերը, ցուցադրության վիզուալ պատկերումները, ինչպես նաև Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանի աշխատակազմի վերապատրաստումը։ Նաև տեղակայվել են 3 ինֆոկետեր Բարեկամության այգում, կավագործական մի ընկերության տարածքում, Ասլամազյան քույրերի տուն- թանգարանում։

Քրիստ Մարուքյանը տեղեկացրեց․ «Տարբեր կառույցների 20 աշխատակիցներ, որոնք պոտենցիալ կարող են ինֆոկետերի ծառայություններ մատուցել, վերապատրաստվել են։ Դրանով նաև ապահովվում է այդ ինֆոկետերի երկարաժամկետ աշխատելու հնարավորությունը, կայունությունը»։

Նախաձեռնության շրջանակում տեղական ավանդական դարբնագործությամբ զբաղվող 10 ընտանիքների հետ համագործակցությամբ մշակվել է նաև դարբնագործության ուսուցման դասընթաց, որի ընթացքում շուրջ 25 երիտասարդ ստացել է մասնագիտական պատրաստվածություն։ Հետագայում դասընթացը ներառվել է տեղական միջին մասնագիտական կրթական հաստատություններից մեկի ուսումնական ծրագրում։

Նախաձեռնության շրջանակներում նաև տպագրվել է Գյումրիի տուրիստական գրպանի քարտեզը, ստեղծվել է visitgyumri.info կայքը։ Հարթակը ներկայացնում է բոլոր ծառայություն մատուցողներին՝ հնարավորություն տալով այցելուներին նախապես պլանավորել իրենց ուղևորությունները։

Հետաքրքրվեցինք՝ նախաձեռնությունն ի՞նչ ազդեցություն կունենա Գյումրի քաղաքի զարգացման վրա երկարաժամկետ տեսանկյունից, Քրիստ Մարուքյանը պատասխանեց․ «Նախաձեռնությունն օգնում է համայնքին ձևակերպել այն տեսլականը, թե դեպի ուր համայնքն իր զարգացման ուղղությունը պետք է տանի։ Սա հնարավորություն է տալիս բացահայտել այսպես կոչված փազլի՝ բացակայող մասերը և այդ տեսանկյունից դիտարկել համագործակցության նոր նախաձեռնությունները։ Այն նաև օգնում է այլ ծրագրերի կողմից ներգրավվող ներդրումներն ուղղորդել ավելի նպատակային և արդյունավետ ձևով»։

Համայնքային տարածք, համագործակցություն և երկարաժամկետ ազդեցություն

Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս նախաձեռնության իրագործման համար խթան է հանդիսացել մշակութային քաղաքի ազատ ստեղծագործողներին մեկ վայրում հավաքելու նպատակը․ «Մենք պատրաստվում ենք ստեղծել տարածք, որը հագեցած կլինի տեխնիկական սարքավորումներով, համակարգիչներով, տպիչ սարքերով, որտեղ հնարավորություն կլինի նախագծել, գծագրել, իրականացնել գաղափարներ, դրանք տալ արտադրության։ Սա նաև թանգարան և համայնք՝ որպես ձեռնարկատիրություն, հրաշալի կապի օրինակ է, որովհետև մեր գաղափարի հիմքում օրինակ՝ հետևյալ կոնցեպտն է, Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներն աշխատում են այդ տարածքում և համայնքին են առաջարկում պայմանականորեն աղբամանների, նստարանների կամ օրինակ փողոցային լուսավորության կոնցեպտ, որը իրենք անվճար կերպով՝ որպես արվեստի լաբորատորիայի արտադրանք, տալիս են համայնքին։ Չէինք ուզենա ունենալ ծրագիր, որն այստեղ կսկսվի, վաղը կավարտվի, այլ այնպիսին, որը պահելու համար հավասարաչափ շահագրգիռ կլինեն և՛ ստեղծագործողները, և՛ երիտասարդները, և՛ համայնքը, որովհետև համայնքը հստակ հասկանում է, որ սա գաղափարների գեներացման տարածք է, որի համար ինքն այլևս գումար չի ծախսելու»։

Լիլիթ Թովմասյանը կարևորեց ազատ ստեղծագործողներին համայնքին ու Ասլամազյան քույրերի պատկերասրահին կապելու գաղափարը։ Բոլոր ստեղծարար մարդիկ այս տարածքը կօգտագործեն անվճար, այն կլինի հանդիպումների ու ստեղծագործական քննարկումների վայր, իսկ սրանից քաղաքը շահելու է։

Նա նկատեց․ «Շատ հաճախ արվեստագետները ճանաչում են մյուս արվեստագետներին քաղաքում, բայց չգիտեն՝ ինչով են իրենք զբաղված և որոնք են միմյանց հնարավորությունները։ Այս տարածքը կարող է ավելի երիտասարդ սերնդի համար փորձի փոխանակման հարթակ դառնալ, եթե իրենք էլ գիտեն, որ ազատ մուտքով տարածք կա այս ոլորտում, իրենք գիտեն, որ հանդիպելու են վարպետների, ավելի տարեց ստեղծագործողների, ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, որոնց հետ կլինի փորձի, մտքերի փոխանակում և դրանից հաստատ էլի մշակութային արտադրանք կծնվի։ Եվ ի վերջո, հետաքրքիր կլինի զբոսաշրջիկների համար՝ ստեղծելով ինչպես միջմշակութային փոխանակում, այնպես էլ տնտեսական օգուտներ համայնքի համար»։

Ըստ Լիլիթ Թովմասյանի՝ արտ լաբորատորիան ծառայելու է նաև Ասլամազյան քույրերի պատկերասրահի ֆոնդի թվայնացմանը։ Տեխնիկական միջոցները կծառայեն նաև մյուս թանգարանների ֆոնդային հատվածի թվայնացման համար․ «Մշակութային ժառանգության թվային հասանելիությունն ու պահպանությունն այսօր չափազանց կարևոր են։ Թեև արվեստի գործերը արտերկիր տեղափոխելը կարող է ծախսատար լինել, թվային ցուցահանդեսները պահանջում են զգալիորեն ավելի քիչ ռեսուրսներ և հնարավորություն են տալիս մշակութային ժառանգությանը շատ ավելի լայն տարածում գտնել»։

Ըստ Լիլիթ Թովմասյանի՝ ակնկալում են, որ տեղում տպագրություն ու արտադրություն կազմակերպեն՝ ժամանակակից տպագրական միջոցներով, կարող են տպագրել այնպիսի նյութ, որը կվաճառվի թանգարանում ու լրացուցիչ եկամուտ կբերի։ Թանգարանը կարող է նաև պատվերներ վերցնել։

Լիլիթ Թովմասյանի տեղեկացմամբ՝ ծրագրի շրջանակում արվել է մոնիտորինգ, հետազոտություն, հայեցակարգի մշակում, խնդիրների վերհանում, ռիսկերի գնահատում։ Երկրորդ փուլով արվել են նախագծային աշխատանքներ, կա փաստաթղթավորված ու հաստատված նախագիծ։

Մնում է ձեղնահարկի վերանորոգումն ու այն տեխնիկապես հագեցնելը։

«Եվս մեկ զարկ և այն, ինչ կիսատ է մնացել, կհասցվի վերջնական նպատակին», -եզրափակեց Լիլիթ Թովմասյանը։

2021 թվականից ի վեր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրն աջակցում է Հայաստանի և Արևելյան գործընկերության երկրների համայնքներին՝ ավելի ներառական, կայուն և մարդակենտրոն համայնքներ կառուցելու գործում։ Տեղական իշխանությունների և բնակիչների հետ սերտ համագործակցության միջոցով ծրագիրն օգնում է տեղական գաղափարները վերածել գործնական լուծումների, որոնք բարելավում են համայնքային կյանքը և նպաստում երկարաժամկետ զարգացմանը։

Սույն հոդվածը պատրաստվել է EU NEIGHBOURS east ծրագրի շրջանակներում: Հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես դրա հեղինակներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment