Մի քիչ էլ պոեզիա․ Ի՞նչ է սպասվում, եթե ընտրություններում հաղթի «ԴՕԿ»-ը

Քաղաքականություն

Մի քիչ էլ պոեզիա․ Ի՞նչ է սպասվում, եթե ընտրություններում հաղթի «ԴՕԿ»-ը

Վարդան Ղուկասյանի գլխավորած «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը խոստանում է «Արևային Հայաստան», որտեղ Գյումրին  ու  Գեղարքունիքը  դառնալու են հպարտություն, իսկ «Սևանի իշխան» անունը՝ հայկական որակի համաշխարհային խորհրդանիշ։ ԱԺ  ընտրություններին մասնակցող ուժն իր նախընտրական ծրագրում  նախատեսում է արմատական փոփոխություններ՝ սկսած արտաքին քաղաքական վեկտորներից մինչև պետական ապարատի օպտիմալացում և ուժային կառույցների վերափոխում։

Ըստ «ԴՕԿ»-ի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում պետք է դրվի «հավասարակշռության դոկտրինան», որը ենթադրում է  հավասարակշռված և սուվերեն գործելաոճ։ Ծրագիրը բացառում է ռուսամետությունը կամ արևմտամետությունը որպես գաղափարական հիմք և մերժում է ճամբարային կողմնորոշումները։ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է վերաիմաստավորվեն սուվերենության սկզբունքով, իսկ ԵՄ-ի հետ համագործակցությունը պետք է կենտրոնանա դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների վրա։ Ադրբեջանի հետ հարաբերություններում կուսակցությունը մերժում է միակողմանի զիջումների մոդելը։ Հայ–թուրքական հարաբերությունները, ըստ ուժի,  պետք է կարգավորվեն «առանց նախապայմանների, հավասարության և սուվերենության սկզբունքների պահպանմամբ»։

Արցախցին վերադառնալու է տուն

ԴՕԿ կուսակցությունը  հայտարարում է՝ արցախցին ո՛չ փախստական է, ո՛չ հյուր և ո՛չ էլ ողորմություն խնդրող, այլ հայ ժողովրդի արժանապատվության ու պատմական հիշողության կրողը։

 Ըստ նախընտրական ծրագրի՝ յուրաքանչյուր արցախցի ընտանիք պետք է ունենա իր տունը, իր աշխատանքը, իր անվտանգությունն ու իր արժանապատիվ ապագան։ Բայց միևնույն ժամանակ « ԴՕԿ-ը պաշտոնապես հայտարարում է՝ արցախցու բնական և պատմական բնակավայրը Արցախն է»։

Ըստ խոստման՝ արցախցին վերադառնալու է իր տուն, իսկ թե ինչպես՝ ծրագրում չի նշվում։

700 մեքենայի փոխարեն՝ 5

ԴՕԿ-ի առաջարկներից մեկը պետական ծախսերի կտրուկ կրճատումն է։ Ծրագրով նախատեսվում է ծառայողական մեքենաների թիվը 700-ից հասցնել ընդամենը 5-ի, որոնք տրամադրվելու են՝ իշխող կուսակցության պատվավոր նախագահին, իշխող կուսակցության նախագահին,  Ազգային ժողովի նախագահին, Հանրապետության նախագահին ,  Վարչապետին։

 Ըստ հաշվարկների՝ սա բյուջեում կխնայի տասնյակ միլիարդավոր դրամներ։

AI և «Շերիֆի» ինստիտուտ

Դատական համակարգում առաջարկվում է ներդրել արհեստական բանականություն (AI)՝ որպես օգնական նույնատիպ գործերի բեռնաթափման համար։ Ոստիկանության բարեփոխման շրջանակներում նախատեսվում է ներդնել «Շերիֆի» ինստիտուտը, որտեղ համայնքային ոստիկանը պետք է լինի ոչ թե պատժիչ ձեռք, այլ օրենքի հեղինակավոր ներկայացուցիչ։

Դատախազության մոդելը ևս վերանայվում է․ դատախազը պետք է լինի անկախ իրավական սուբյեկտ, սակայն համակարգի ղեկավարը պետք է հաշվետու լինի բացառապես իշխող կուսակցությանը, քանի որ վերջինս է կրում քաղաքական պատասխանատվությունը։

Մարզպետարանների լուծարում

«ԴՕԿ»-ի-ի կառավարման մոդելը ենթադրում է մարզպետարանների լիակատար լուծարում և Տարածքային կառավարման նախարարության վերացում։ Փոխարենը, համայնքների ղեկավարները կդառնան նշանակովի և կենթարկվեն անմիջապես վարչապետի տնտեսական հարցերով տեղակալին։

Մարզային զարգացման տեսլականը ներառում է.

  • Սյունիք. «Հայաստանի ողնաշարը». հանքերը պետք է ծառայեն պետական շահին։
  • Տավուշ. «Հայաստանի կանաչ սիրտը». օրգանական գյուղատնտեսության և տուրիզմի զարգացում։
  • Լոռի. «Աշխատավոր հայի հպարտ ճակատը». արդյունաբերական վերածնունդ։
  • Գյումրի. Թեթև արդյունաբերական կենտրոն և տնակների հարցի պետական պարտադիր լուծում։
  • Վայոց Ձոր. «Քարից ծնված ուժ». «Արենի» բրենդի համաշխարհայնացում և Ջերմուկի վերականգնում։
  • Գեղարքունիք. «Սևանի կապույտ հայելին». լճի պաշտպանություն և ձկնարդյունաբերության վերականգնում։
  • Արագածոտն. «Արագածի լռությունը». անասնապահության և ջրային համակարգերի զարգացում

 

Ուղերձ ընտրողին՝ չափածո  ձեւաչափով

Ծրագրի վերջին հատվածում ուղերձներ են տարբեր մարզերի բնակիչներին։  Այն որոշ հատվածներում շարադրված է չափածո, օրինակ՝

ՍՅՈՒՆԻ՛Ք,

Դու պարզապես մարզ չես։

 Դու Հայաստանի ողնաշարն ես։

Դու սահման ես, ուժ ես, հանք ես, ճանապարհ ես,

բայց ամենակարևորը՝ դու արժանապատիվ ու կռվող մարդու հայրենիք ես։

 

ՏԱՎՈՒ՛Շ,

Դու Հայաստանի կանաչ սիրտն ես։

Դու անտառի շունչն ես,

սահմանապահ զինվորի կամքն ես,

դու խաղողի այգին ես, մեղվի բույնն ես,

լեռների մեջ ապրող հպարտ հայն ես,

որ ամեն օր նայում է վտանգին աչքերի մեջ,

բայց չի լքում իր հողը։

 

Ավելացնենք, որ ամբողջ նախընտրական ծրագրում շեշտվում է՝ այս ամենը իրականացվելու  է Վարդան Ղոկասյանի առաջնորդությամբ, թեեւ նրա՝  որպես պատգամավորի թեկնածու  ԿԸՀ-ն մերժել է։

«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության նախագահը փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է եղել և ՀՀ-ում է բնակվել։  Նա ԱՄՆ-ում վարչական կալանքի տակ  է։

Մյուս ուժերի նախընտրական ծրագրերի մասին՝ հաջորդիվ

Leave a comment