«Ադրբեջանն ինչո՞ւ է կախվել մեր փոքր տարածքներից, որ բզկտի մեր անվտանգության համակարգը․ Տիգրանաշենը պատմականորեն ՀՀ տարածքի մաս է կազմել»

Այսօր հրավիրած ասուլիսում «Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն անդրադարձավ նախընտրական ձերբակալություններին ու քրեական գործերին։ 

Նա ասաց, որ այս իշխանությանը չի վստահում, որովհետեւ մենք գործ ունենք պաթոլոգիկ ստախոս մարդու հետ։ «Իրավապահ մարմինները ցույցերի ժամանակ սինխրոն աշխատում են նրա ասածի հետ։ Ինքը մի բան ասում է՝ արագ անում են, անգամ նույն բառապաշարն է, կամ նախապես են իրար հետ քննարկում այդ հայտարարությունները, կամ էլ արագ այնպես են անում, որ համապատասխանեցնեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի բառերին։ Դրա համար սրանք ակնհայտ քաղաքական բաղադրիչ են, քաղաքական տարրերը շատ ակնհայտ են։ Եվ հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց ընտրություններից առաջ, նախընտրական ժամանակահատվածում։ Ակնհայտ է, որ սա նախընտրական քարոզչության ֆոնին է արվում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Արման Թաթոյանն անդրադարձավ նաեւ այսպես կոչված «անկլավների» հանձնման հարցին։ «Ինձ համար անկլավների հարց գոյություն չունի, իմ մեջ կա իմ երկրի ու ժողովրդի անվտանգությունը։ Ես Տավուշի մարզի այդ վայրերում ու Տիգրանաշենում բազմիցս եղել եմ, անգիր գիտեմ՝ ինչ է կատարվելու, եթե հանկարծ իրականանա իշխանության այս ծրագիրը, եւ Ադրբեջանը զբաղեցնի այդ վայրերը։ Մենք ունենալու ենք իրարից կտրված բնակավայրեր, ունենալու ենք բարձունքներ, որոնք զբաղեցնելու են ադրբեջանական զինված ուժերը, վերահսկելու են մեր գյուղերը, առանց այդ էլ թիրախի տակ են, ավելի են վերահսկելու մարդկանց տները, վարելահողերը, արոտավայրերը, ճանապարհները, դպրոցները։ Այսինքն՝ մենք անվտանգության տոտալ կոլապս ենք ունենալու, էլ չեմ խոսում գազի խողովակների մասին, ինտերնետի ու կապի մալուխների, ստրատեգիական կարեւոր օբյեկտների մասին»,- ասաց նա։

Թաթոյանն ասաց, որ ոչ ոք Արծվաշենից չի հրաժարվում, բայց երբ անվտանգության առումով համեմատում ենք Արծվաշենն ու այն տարածքները, որոնք տրվելու են Ադրբեջանին, բացարձակ անհամեմատելի են։ «Ադրբեջանն այդքան տարածք ունենալով՝ ինչո՞ւ է կախվել մեր փոքր տարածքներից, որովհետեւ բզկտելու է մեր անվտանգության համակարգը։ Տիգրանաշենը պատմականորեն ՀՀ տարածքի մաս է կազմել, ինքը մեր պատմական գյուղն է, իսկական հայկական հող է, ես դրա ստուգաբանությունն էլ եմ տվել։ Եվ Տիգրանաշենի մոտով անցնող ճանապարհը մեզ համար ստրատեգիական նշանակություն ունի, Սյունիքն ու Վայոց ձորը մեզ հետ կապող ողնաշարն է»,- նշեց նա։

Արման Թաթոյանն ասաց, որ ինքն այս գործընթացները շատ հեշտ կարող է կանգնեցնել, ձեւերը կան։ «Սրանք այս իշխանության թողտվությամբ զրոյից աճած խոսույթներ են, սրանք երբեք չեն եղել միջազգային օրակարգերում, միջազգային դիվանագիտության մեջ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Թաթոյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաեւ խոսակցություններին, թե «Սերժի մարդն» է։ «Ես վստահ եմ, որ դա Նիկոլ Փաշինյանի կազմակերպածն է, ես ասում եմ՝ տղամարդկություն ունես, հել իմ դեմն ասա դա։ Կանգնի իմ դեմը, ասա՝ Արման Թաթոյան, դու այսինչի կամ այնինչի մարդն ես։ Ես դրա բոլոր պատասխաններն ունեմ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment