Միևնույն աղբյուրը, տարբեր գներ. որն է Հայաստանի դեղամիջոցների շուկայում 58% հավելավճարի պատճառը

2024 թվականին Հայաստանի Հանրապետություն ներմուծված դեղագործական արտադրանքի մեկ կիլոգրամի միջին արժեքը կազմել է 61 ԱՄՆ դոլար, մինչդեռ Վրաստանում այն կազմել է 39 ԱՄՆ դոլար։ Tvyal.com-ը գրում է, որ թեև երկու պետություններն ունեն ընդհանուր սահման և դեղամիջոցներ են ներմուծում հիմնականում միևնույն գործընկեր երկրներից, գնային տարբերությունը նշանակալի է: Ընդ որում, 2023 թվականին արձանագրվել է գների գրեթե համահարթեցում՝ համապատասխանաբար 41,22 և 40,83 ԱՄՆ դոլար։ Սակայն մեկ տարի անց գնային ճեղքվածքը կրկին վերականգնվել է՝ հասնելով 58%-ի։

Վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Վրաստանում ներմուծման գները հարաբերականորեն կայուն են. ութ տարվա ընթացքում դրանք պահպանվել են նեղ միջակայքում՝ համապատասխանելով համաշխարհային շուկայի միտումներին։ Հայաստանի պարագայում արձանագրվել է խիստ տատանողական դինամիկա։ Մասնավորապես, ժամանակահատվածի սկզբում գրանցված բարձր մակարդակին հաջորդել է կտրուկ անկում COVID-19 համավարակի ընթացքում, այնուհետև՝ վերականգնում և 2023 թվականին կրկին էական նվազում՝ գրեթե հավասարվելով Վրաստանի ցուցանիշին։

2023 թվականին գների համահարթեցումը պայմանավորված է եղել երկկողմանի գործոններով։ Վրաստանի դեպքում արձանագրվել է գների աննշան աճ՝ առավել թանկարժեք դեղամիջոցների ներմուծմամբ պայմանավորված, իսկ Հայաստանի պարագայում՝ կտրուկ անկում։ Վերջինս բացատրվում է ներմուծման ծավալների կառուցվածքային փոփոխությամբ. նշված տարում Հայաստանը, ըստ քաշի, ներմուծել է գրեթե կրկնակի ծավալի դեղորայք՝ պահպանելով ֆինանսական ծախսումների գրեթե նույն մակարդակը։ Փաստացիորեն, միևնույն ֆինանսական ռեսուրսներով կրկնապատիկ քաշով ապրանքի ձեռքբերմամբ վկայվում է ավելի էժան դեղամիջոցների՝ ջեներիկների (վերարտադրված դեղերի), մեծածախ խմբաքանակների և ցածրարժեք արտադրանքի ներմուծման մասին։

2024 թվականին միտումը հակադարձվել է։ Ներմուծման ծավալները կրճատվել են, միջին գինը կրկին աճել է՝ հասնելով 61 ԱՄՆ դոլարի, որի արդյունքում վերականգնվել է գնային ճեղքվածքը։

2023 թվականի տվյալներով հաստատվում է, որ գնային տարբերությունը աշխարհագրական անփոփոխ գործոններով պայմանավորված չէ։ Ճեղքվածքի զրոյացումն արձանագրվել է մեկ տարվա ընթացքում՝ առանց հարկային օրենսդրության կամ շուկայի կառուցվածքի ինստիտուցիոնալ փոփոխությունների։ Հետևաբար, գնային համահարթեցման նախադրյալները գործնականում հնարավոր են և կիրառելի։

Առևտրային վիճակագրությամբ ամբողջական պատկերացում չի ձևավորվում 2023 թվականին Հայաստանում ապրանքատեսականու փոփոխության և դրա հետագա հակադարձման դրդապատճառների վերաբերյալ։ Հավելավճարի ձևավորմանը նպաստող կառուցվածքային պայմանները երկու տարիներին էլ մնացել են անփոփոխ։ Ըստ էության, կարճաժամկետ հակակշռող գործոնի ի հայտ գալու արդյունքում արձանագրվել է գների համահարթեցում։

Վրաստանում գների ավելի ցածր միջին մակարդակը մասամբ պայմանավորված է ներմուծման աշխարհագրությամբ։ Վրաստանը դեղորայքի շուրջ մեկ հինգերորդը ներմուծում է Թուրքիայից (դիտարկվող ժամանակահատվածում՝ 699 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով և 54 ԱՄՆ դոլար մեկ կիլոգրամի դիմաց միջին արժեքով), որը ջեներիկների խոշոր արտադրող է։ Նշանակալի ծավալներ են ներմուծվում նաև Հնդկաստանից և Ուկրաինայից՝ նույնանման ցածր միավորի արժեքով։ Հայաստանի Հանրապետությունը նշված երեք պետություններից փաստացի ներմուծում չի իրականացնում։

Այդուհանդերձ, միայն ներմուծման աղբյուրների տարբերությամբ գնային ճեղքվածքն ամբողջապես չի հիմնավորվում։

Գերմանիայից ներմուծման պարագայում Հայաստանը վճարել է միջինում 99 ԱՄՆ դոլար մեկ կիլոգրամի դիմաց, մինչդեռ Վրաստանը՝ 64 ԱՄՆ դոլար։ Արձանագրվում է 55% հավելավճար միևնույն արտահանող երկրի դեպքում։

Ֆինանսական բեռի բաշխվածությունը

Հայաստանում առողջապահական ծախսերի կառուցվածքում գրպանից կատարվող ծախսերի (ԳԿԾ) մասնաբաժինն ամենաբարձրն է տարածաշրջանում։ Ներմուծման գների ճեղքվածքի ազդեցությունը չի սահմանափակվում մաքսային սահմանով. այն ուղղակիորեն փոխանցվում է սպառողին և ունենում է սոցիալ-տնտեսական լուրջ ազդեցություն։

Համաձայն 2022 թվականի ամբողջական վիճակագրական տվյալների՝ Հայաստանում առողջապահական ծախսերի 79,1%-ը ֆինանսավորվել է անմիջապես պացիենտների կողմից։ Համեմատության համար նշվի, որ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 40,4%, Մոլդովայում՝ 31,7%։ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) միջին ցուցանիշը կազմել է 28,5% [2]։

Վրաստանի հետ տարբերությունը կազմում է 38,7 տոկոսային կետ։ Փաստացիորեն, ամսական 46 000 ՀՀ դրամ կենսաթոշակ ստացող անձը հիվանդության դեպքում ստիպված է իր եկամտի շուրջ կեսն ուղղել դեղորայքի և բժշկական խորհրդատվության ձեռքբերմանը՝ պետության կողմից ստանալով խիստ սահմանափակ աջակցություն [5]։ Թեև Վրաստանում ևս պացիենտների ֆինանսական բեռը զգալի է, սակայն այն գրեթե կրկնակի զիջում է Հայաստանի ցուցանիշին։

ԱԱՀ-ի ազդեցությունը

Հայաստանի Հանրապետությունում բոլոր դեղամիջոցների նկատմամբ կիրառվում է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) 20% դրույքաչափ։ Նվազեցված դրույքաչափեր կամ արտոնություններ նախատեսված չեն։ Վրաստանում կիրառվում է 0% դրույքաչափ։ Ռուսաստանում հիմնական դեղամիջոցների հաստատված ցանկի նկատմամբ գործում է 10%, Բելառուսում՝ նույնպես 10% դրույքաչափ։ Ղազախստանում և Ղրղզստանում դեղամիջոցներն ամբողջությամբ ազատված են ԱԱՀ-ից, ինչի արդյունքում ԵԱՏՄ-ում բնակչության թվով կշռված միջին դրույքաչափը նվազում է մինչև 9%: Եվրամիության անդամ պետությունների մեծ մասում դեղատոմսով բաց թողնվող դեղերի նկատմամբ կիրառվում է 0-ից 5% դրույքաչափ [3]։

ԱԱՀ-ի 20% դրույքաչափը հաշվարկվում է մատակարարման շղթայի բոլոր օղակներում։ Ներմուծողն այն վճարում է հայտարարագրված մաքսային արժեքի հիման վրա, դիստրիբյուտորն այն ներառում է վերադիրքում, իսկ դեղատունը վերջնական հարկային բեռը փոխանցում է սպառողին։

Վերջնական սպառողն այս հարկը վճարում է անմիջապես։ Տնտեսավարող սուբյեկտները շղթայի յուրաքանչյուր փուլում հաշվանցում են վճարված հարկը, ինչով կանխվում է դրա բազմապատիկ կուտակումը, սակայն պացիենտը հաշվանցման հնարավորություն չունի։ Վրաստանում մանրածախ գինը չի ներառում ԱԱՀ, մինչդեռ Հայաստանում այն կրում է 20% հավելյալ բեռ։ Նույնիսկ երկու երկրներում մեծածախ և մանրածախ մարժաների նույնականության դեպքում՝ Հայաստանի քաղաքացիները դեղորայքի ձեռքբերման համար կվճարեին շուրջ 20%-ով ավելի։

Հարկային դրույքաչափի նվազեցումն ինքնին չի ապահովի գնային ճեղքվածքի ամբողջական վերացում, քանի որ ներմուծման միավորի գնի տարբերությունը պայմանավորված է նաև այլ գործոններով։ Բայց և այնպես, ԱԱՀ-ի վերանայումն այն հիմնական գործիքն է, որը հնարավոր է կիրարկել ներպետական տնտեսական քաղաքականության շրջանակներում՝ առանց համակարգի արմատական վերակազմավորման անհրաժեշտության։

Շուկայի կառուցվածքը

Հայաստանի դեղորայքի մեծածախ շուկայի ավելի քան 60%-ը վերահսկվում է երեք խոշոր ընկերությունների կողմից, որոնք կառավարում են ուղղահայաց ինտեգրված շղթաներ՝ ներմուծման լիցենզավորումից մինչև մանրածախ իրացում։ Նշված սուբյեկտները շահույթ են գեներացնում և՛ մեծածախ, և՛ մանրածախ օղակներում։ Ազատ շուկայական պայմաններում գնանկմանը նպաստող մեխանիզմները (ներմուծողների միջև մրցակցություն, զուգահեռ ներմուծում, էժան ջեներիկներով փոխարինում) նման կառուցվածքի պայմաններում խիստ սահմանափակված են։

2023 թվականին գների համահարթեցման երևույթը լիովին համապատասխանում է այս տրամաբանությանը։ Միավորի արժեքի նվազում արձանագրվեց, երբ Հայաստանն ընդլայնեց մեծածախ և ջեներիկ արտադրանքի ներմուծումը, ինչով հանգեցվեց ներմուծման արժեքի կառուցվածքում դիստրիբյուտորային մարժայի տեսակարար կշռի նվազմանը։ 2024 թվականին, ներմուծման կառուցվածքի վերականգնմանը զուգահեռ, արձանագրվեց նաև գների աճ։ Փաստացիորեն, կենտրոնացված և ուղղահայաց ինտեգրված շուկան երկարաժամկետ կտրվածքով չի կարող ապահովել և պահպանել նման հավասարակշռություն։

Տվյալների արձանագրումները

Գրպանից կատարվող ծախսերի (ԳԿԾ) 79% մասնաբաժին, 20% ԱԱՀ, մեծածախ մատակարարման ավելի քան 60%-ը վերահսկող երեք գերիշխող ընկերություն. այս կառուցվածքային ցուցանիշներից որևէ մեկը 2023 թվականին չի փոփոխվել։ Այդուհանդերձ, արձանագրվել է գների համահարթեցում։

2023 թվականի վիճակագրությամբ փաստվում է գնային ճեղքվածքի վերացման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, 2024 թվականի տվյալներով վկայվում է, որ առանց ինստիտուցիոնալ բարեփոխումների՝ ճեղքվածքն անխուսափելիորեն վերականգնվում է։ Սույն վերլուծությամբ թեև չեն բացահայտվում Հայաստանի ապրանքատեսականու մեկամյա կտրուկ փոփոխության և դրա հակադարձման բուն պատճառները, սակայն հստակորեն մատնանշվում են կարգավորման ենթակա թիրախները։

Տվյալների համալիր ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գնային ճեղքվածքը պայմանավորված է երեք հիմնական կառուցվածքային գործոններով՝ ԱԱՀ-ի 20% դրույքաչափով, մեծածախ շուկայում երեք ընկերությունների գերիշխող դիրքով և ներմուծման այնպիսի աշխարհագրությամբ, որով շրջանցվում են ջեներիկ դեղամիջոցների էժան շուկաները։ 2023 թվականի զարգացումներով փաստվում է, որ այս համակարգային խոչընդոտների ազդեցությունը հնարավոր է ժամանակավորապես չեզոքացնել։ Սակայն 2024 թվականի միտումներով վկայվում է համապատասխան կարգավորող մեխանիզմների բացակայության պարագայում խնդրի կրկնության մասին։ Սա պահանջում է անցում կատարել ինստիտուցիոնալ զարգացման՝ հստակ մատնանշելով պետական միջամտության, հարկային քաղաքականության վերանայման և շուկայի ազատականացման թիրախային ուղղությունները։

Leave a comment