Ալիկ Ալեքսանյանի հրապարակած տեսանյութի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած տեսանյութի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով միայն նրա անվան և ազգանվան սկզբնատառերը։

Նախաքննական մարմինը նշում է, որ քրեական վարույթի համար հիմք է հանդիսացել մայիսի 21–ին Ա.Ա.–ի կողմից «Ֆեյսբուքում» հրապարակված տեսագրությունը` կից գրառմամբ. «Ժողովուրդ, ձեզանից թաքուն դիրք են հանձնում, լսեք այս կամավորի խոսքը, այս ընթացքում ՊՆ նախարարը սրտիկներով քարոզարշավ է անում»։ Տեսագրությունում երևացող անձը ասում է, որ Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնվել է Ադրբեջանին:

ՔԿ–ն ընդգծում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել է Ա.Ա.–ի և տեսագրությունում խոսող, դեմքի հատվածը փակված անձի հայտնած տեղեկությունները։

«Ստացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով»,– ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությամբ պարզվել է դեմքի հատվածը փակված անձի ինքնությունը. նա մարտական հերթապահություն է իրականացրել N մարտական դիրքում:

«Հարցաքննության ժամանակ նա հերքել է որևէ դիրք հանձնելու մասին տեղեկությունը՝ միաժամանակ նշելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում` մասնակցել է Ն.Կ.–ի (ՔԿ–ն նկատի ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանին. խմբ.) կողմից կազմակերպված հավաքին, որտեղ հանդիպել է Ա.Ա.–ին, որը, տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին, անմիջապես կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը»,– ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Ըստ ՔԿ–ի` դեմքի հատվածը փակված անձը նշել է, որ հայտնել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Sputnik Արմենիա

Leave a comment