Հայաստանը Ադրբեջանին վերադարձնելու անկլավներ չունի, իսկ Սահմանադրության հանրաքվե չպետք է արվի․ Էդմոն Մարուքյան

«Մի քանի օր է՝ մարդիկ կրկին անհանգստացած են եւ սոցցանցերում խոսում են այն մասին, որ Գուգլի քարտեզներում Տիգրանաշենի անունը փոխված է՝ ադրբեջանական անվանումով է ներկայացվում։ ՍԴ-ն մեր հանրապետությունում ամենակարեւոր ինստիտուտն է, եւ ՍԴ-ին էր վիճակվել հաստատելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման կարգը։ Երբ ՍԴ-ում քննվում էր կարգը, չի բարձրացվել հարց, թե ՀՀ-ն ի՞նչ քարտեզով է ճանաչում ինքն իրեն, որպեսզի քարտեզը կցվեր այս փաստաթղթին։ Ոչ մի քարտեզ չի կցվում այս փաստաթղթին, ուղղակի գրվում է, որ Տավուշի մարզի հարակից տարածքում սահմանազատումը կիրականացվի 1976 թվականի ԽՍՀՄ գլխավոր շտաբի մի քարտեզով։ Զուտ այդ հատվածը եւ վերջ»,- ՀՀ Սահմանադրական դատարանի մոտ հայտարարեց  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Այսպիսով, Էդմոն Մարուքյանի մատուցմամբ, ՍԴ-ն հաստատել է Հայաստան-Ադրբեջան ամբողջ սահմանի սահմանազատման մի կանոնակարգ, որտեղ չկա քարտեզ, որով պետք է գործընթացն իրականացվի։ Ուստի, պարզ չէ, թե ինչ խնդիրների կարող ենք հանգել։ Իսկ խնդիրների մասին լսում ենք Ադրբեջանից եւ Գուգլի քարտեզների փոփոխություններից, ՀՀ ԱԳ նախարարից, որը Կապանում խոսում էր այն մասին, որ Հայաստանը ադրբեջանական տարածքներ է վերահսկում, ինչը վերահաստատեց վարչապետ Փաշինյանը։

Էդմոն Մարուքյանը ընտրապայքարին մասնակից քաղաքական ուժերից ուզում է այս հարցերի շուրջ հստակ պատասխաններ լսել․ «Իրար համբալ ասելով՝ հնարավոր չէ այս հարցերը լուծել»։

Իսկ «Լուսավոր Հայաստանի» տեսլականը հետեւյալն է՝ ՍԴ այս որոշումը բավարար չէ սահմանազատում իրականացնելու համար, կանոնակարգը կիսատ է, այն միայն վերաբերել է Տավուշի մարզի այդ տարածքին։ Չկա հաստատված քարտեզ։ «Լուսավոր Հայաստանում» գտնում են, որ կա հստակ քարտեզ, որով գործընթացը պետք է իրականացվի, ու ըստ այդ քարտեզի՝ Հայաստանը Ադրբեջանին տալու անկլավներ չունի։

Անդրադառնալով Սահմանադրության նախաբանը փոփոխելու իշխանության մտադրություններին՝ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ՀՀ ՍԴ-ն հաստատել է՝ ՀՀ Սահմանադրության նախաբանում հարեւան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում, խնդիրներ չի առաջացնում նրանց համար, եւ ըստ այդ մեկնաբանության՝ Սահմանադրության նախաբանը փոխելու կարիք չկա։

Մինչդեռ ՔՊ-ն հայտարարում է, որ ՀՀ Սահմանադրության նախաբանը պետք է փոխվի հանրաքվեով․ այսպիսով, ըստ Էդմոն Մարուքյանի, ստացվում է, որ Հայաստանն արհամարհում է իր բարձրագույն մարմնին՝ ՍԴ-ին, եւ կատարում է Ալիեւի պահանջները։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավն անցկացրեց ՀՀ Սահմանադրական դատարանի մոտ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment