TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա

Քաղաքականություն

21.10.2026 | 21:43

Ադրբեջանի հանրակրթական հաստատություններում TikTok սոցիալական ցանցի հասանելիությունն արգելափակվել է։ Այս մասին Միլի Մեջլիսի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնել է Ադրբեջանի գիտության և կրթության նախարարի տեղակալ Ֆիրուդին Գուրբանովը։

Նրա խոսքով՝ ուսումնական հաստատություններում ինտերնետային թրաֆիկի զտումն ուղղված է երեխաներին անցանկալի և բացահայտ վտանգավոր նյութերից պաշտպանելուն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Արգելափակվել է այնպիսի թեմաների հասանելիությունը, ինչպիսին է ահաբեկչությունը։ Ընդհանուր առմամբ՝ սահմանափակումներ են մտցվել ավելի քան 200 վտանգավոր ուղղությունների նկատմամբ։ Այդ տեսանյութերը պարունակում էին հանցավորության, թմրանյութերի, բռնության և նմանատիպ բովանդակության քարոզչություն։ Իհարկե, նման սահմանափակումները չպետք է գործեն միայն դպրոցում․ ընտանիքում ևս ծնողները պարտավոր են վերահսկել երեխաներին՝ նրանց նման հարթակներից և նյութերից պաշտպանելու համար»,- ասել է նա։

Ադրբեջանում երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման տարիքային սահմանափակումների մասին օրենքն ընդունվել է 2026 թվականի հունիսի 30-ին և հրապարակվել օգոստոսի 5-ին։

Օրենքի համաձայն՝ 16 տարեկանից փոքր անձանց կարգելվի հաշիվներ բացել տարիքային սահմանափակումներով սոցիալական ցանցերի հարթակներում։ 16-18 տարեկան անձանց գրանցումը հնարավոր կլինի ծնողի կամ օրինական խնամակալի համաձայնությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment