Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Գրենլանդիան դառնա անկախ երկիր. Լենդրի


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց, Լուիզիանայի հանրապետական ​​​​նահանգապետ Ջեֆ Լենդրին Դանիայի կազմում գտնվող արկտիկական կղզի կատարած այցի ժամանակ խոսել է Գրենլանդիայի անկախության օգտին։ Այդ մասին նա հայտարարել է մայիսի 20-ին՝ գրենլանդական Sermitsiaq թերթի հետ հարցազրույցում։


Լենդրին իր առաջին պաշտոնական այցով կղզի է ժամանել  մայիսի 17-ին։ 2025 թվականի դեկտեմբերին Դոնալդ Թրամփը նրան նշանակել է Գրենլանդիա-ԱՄՆ հարաբերությունների հատուկ դեսպանորդ։ Հանրապետականը մասնակցում է Future Greenland 2026  տնտեսական ֆորումին, որը կազմակերպվում է տարածաշրջան ներդրումներ ներգրավելու համար։


Չնայած Գրենլանդիայի անկախության մասին Լենդրիի հայտարարություններին՝ ԱՄՆ-ն չի հրաժարվում կղզին վերահսկելու իր ծրագրերից։


Մասնավորապես, Միացյալ Նահանգները փորձում է փոփոխություն կատարել Գրենլանդիայի հետ կնքված ռազմական համաձայնագրում և ապահովել, որ իր զորքերն անորոշ ժամանակով մնան Արկտիկական կղզում, նույնիսկ եթե այն անկախություն ստանա, հաղորդում է պարբերականը՝ հղում անելով Վաշինգտոնի, Կոպենհագենի և Գրենլանդիայի պաշտոնյաներին։


Սառը պատերազմի գագաթնակետին ԱՄՆ-ը, ըստ տեղեկությունների, Գրենլանդիայում ուներ 17 ռազմական օբյեկտ և ավելի քան 10000 զինվոր։ Ներկայումս կղզում գործում է միայն մեկ ամերիկյան բազա՝ Պիտուֆիկի տիեզերական բազան, որն ԱՄՆ պատերազմի նախարարության ամենահյուսիսային օբյեկտն է։

Leave a comment