Միջուկային եռյակը հետագայում ևս կլինի ՌԴ-ի և Բելառուսի ինքնիշխանության երաշխավորը. Պուտին

Բաժանորդագրվել

Ռուսաստանն ու Բելառուսը միջուկային ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացրել։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Միջուկային եռյակը պետք է շարունակի ծառայել որպես ՌԴ-ի և Բելառուսի ինքնիշխանության հուսալի երաշխավոր: Միջուկային ուժերի համատեղ զորավարժություններից հետո այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի առաջնորդը միջուկային եռյակը (միջուկային զենքի ցամաքային, ծովային և ավիացիոն բաղադրիչները. խմբ.) անվանել է համաշխարհային հավասարության պահպանման գործիք:

«Հաշվի առնելով աշխարհում լարվածության աճը, նոր սպառնալիքների և ռիսկերի ի հայտ գալը՝ մեր միջուկային եռյակը, ինչպես և նախկինում, պետք է ծառայի որպես Ռուսաստանի ու Բելառուսի Միութենական պետության ինքնիշխանության հուսալի երաշխավոր, գլոբալ մակարդակում ապահովի ռազմավարական զսպման, միջուկային հավասարության և ուժերի հավասարակշռության խնդիրների լուծումը», – ՌԴ նախագահի խոսքը փոխանցում է «ԲելՏԱ» գործակալությունը:

Լուկաշենկոն իր հերթին ընդգծել է, որ միջուկային ուժերի զորավարժությունների կազմակերպչական մասն անցել է առանց խոչընդոտների:

Ռուսաստանն ու Բելառուսը մայիսի 19-ից համատեղ միջուկային զորավարժություններ են անցկացնում, որոնք կտևեն մինչև մայիսի 21-ը: Ինչպես հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, զորավարժություններին մասնակցում են ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերը, հեռավոր ավիացիայի հրամանատարությունը և Լենինգրադի ու Կենտրոնական ռազմական օկրուգների ուժերի մի մասը: Ներգրավվել են ավելի քան 64 հազար զինծառայող և ավելի քան 7,8 հազար միավոր ռազմական տեխնիկա։

Leave a comment