Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 20-ին մասնակցել է ՀՀ խորհրդարանական ընտրական գործընթացների ժամանակ ատելության խոսքի և սեքսիզմի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին և հանդես եկել բացման խոսքով։
Իր ելույթում Պաշտպանն ընդգծել է, որ ընտրական գործընթացներում մարդու իրավունքների արժեքները հաճախ դուրս են մնում հանրային քննարկումների առանցքից, մինչդեռ ցանկացած քաղաքական գործընթացում դրանք պետք է լինեն առաջնահերթություն և գերակայություն։
«Սա կարող եք ընդունել որպես իմ կողմից արված պաշտոնական արձանագրում` Հայաստանում հանրային դերակատարները մարդու իրավունքների արժեքների շուրջ ընդհանրապես չունեն կոնսենսուս: Այս հանգամանքը համարում եմ երկրի իրավական անվտանգության տեսանկյունից ամենավտանգավոր երևույթներից մեկը»,– նշել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանն ընդգծել է, որ նախընտրական ժամանակահատվածում հանրային խոսույթում շարունակում են լայն տարածում ունենալ գենդերային կարծրատիպերի վրա հիմնված վիրավորական և նվաստացուցիչ ձևակերպումները։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ Հայաստանում խտրական և սեքսիստական խոսքը հաճախ չի ընկալվում որպես խնդիր, քանի որ հասարակությունում խորապես արմատացած են կանանց և տղամարդկանց սոցիալական դերերի վերաբերյալ կարծրատիպերը։
Բազմաթիվ քաղաքական դերակատարների խոսույթում կարելի է նկատել քննարկվող կարծրատիպային խոսույթի տարբեր դրսևորումներ: Օրինակ` «Քեզ տղամարդու պես դրսևորի´ր», «Կին ես, քաղաքական գործընթացներին մասնակցելու փոխարեն գնա` երեխաներիդ խնամի´ր» և այլ համանման ձևակերպումներ:
Պաշտպանն ընդգծել է, որ չնայած պիտակավորող, խտրական, ատելության խոսքի վտանգավորությանը, քրեական պատասխանատվության կարող են հանգեցնել խոսքի բացառապես ամենավտանգավոր տեսակները և այս գործիքը պետք է չափազանց զգույշ կիրառվի: Ավելին, ատելության խոսքը պետք է կարողանալ տարբերակել խոսքի ազատության սահմանները խախտող խոսույթի մյուս տեսակներից, քանի որ դրանց հակազդման գործիքներն են նաև տարբեր։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ հատկապես հանրային գործընթացներում կանայք հաճախ թիրախավորվում են արտաքին տեսքի, անձնական կյանքի կամ ընտանեկան կարգավիճակի, երեխա ունենալ/չունենալու հանգամանքի և այլ համանման հիմքերով, իսկ նման խոսույթը հասարակության կողմից հաճախ նորմալիզացվում է։
Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է քաղաքական ուժերի և հանրային դերակատարների պատասխանատվությունը՝ ընդգծելով, որ հենց նրանց վարքագիծն ու հաղորդակցությունն են ձևավորում հանրային միջավայրը։
«Մենք պետք է ձևավորենք այնպիսի հանրային միջավայր, որտեղ ատելության խոսքի, սեքսիզմի և խտրական խոսույթի կիրառումը կլինի անընդունելի, իսկ քաղաքական ուժերի համար՝ ոչ թե շահավետ, այլ վտանգավոր»,– նշել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանը նաև արձանագրել է, որ վերջին ընտրական գործընթացներում որոշ չափով նվազել է ազգային պատկանելության, գենդերային կարծրատիպերի և այլ խտրական դրսևորումների կիրառումը որպես պաշտոնական քաղաքական լոզունգ, ինչը պայմանավորել է մարդու իրավունքների ոլորտում գործող կառույցների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետևողական աշխատանքով։
Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին, Եվրոպական Միությանը, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և պետական մարմինների այն ներկայացուցիչներին, որոնք հետևողական աշխատանք են իրականացնում ատելության խոսքի, սեքսիզմի և խտրականության դեմ պայքարի ուղղությամբ։
Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Եվրոպայի խորհրդի Երկրների համագործակցության բաժնի ղեկավար Անժելա Լոնգոն, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչ Վացլավ Շտերբան, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արուսյակ Տերչանյանը:
Աշխատաժողովը նպատակ ուներ բարձրացնել Հայաստանում համապատասխան դերակատարների իրազեկվածությունը ընտրական գործընթացներում ատելության խոսքի, սեքսիզմի, խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ, ինչպես նաև խթանել ներառական և համերաշխ հանրային խոսույթի ձևավորումը։
Աշխատաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարագյանը։
Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» և Հավասարության խթանումը և խտարականության բացառումը Հայաստանում» ծրագրերի շրջանակներում` Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցությամբ: Ծրագրերը Եվրամիության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագային ձևաչափի մաս են կազմում, որը համաֆինանսավորում են Եվրոպական Միությունն ու Եվրոպայի Խորհուրդը, իրականացնում է Եվրոպայի Խորհուրդը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: