Տավարաբուծության զարգացման ծրագրի պայմանները կբարելավվեն, փոխհատուցվող գումարի չափը կմեծանա


Կառավարության՝ մայիսի 21-ի նիստին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց տավարաբուծության զարգացման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որը մշակելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ՀՀ-ում վերջին տարիներին տավարի գլխաքանակի և կաթի արտադրության ծավալների հետ կապված որոշակի խնդիրներ կան:


Գործող նախագծի համաձայն՝ Կառավարությունը մինչև 40 տոկոս փոխհատուցում էր տալիս, եթե ֆերմերները 25 և ավելի գլուխ տոհմային կենդանի էին գնում ՀՀ-ից կամ ներմուծում էին ՀՀ, և 30 տոկոս փոխհատուցում, եթե մինչև 25 գլուխ տոհմային կենդանի էին գնում: Սակայն ֆերմերների ակնկալիքը, ըստ նախարարի, ավելի մեծ փոխհատուցումն է՝ հաշվի առնելով ոլորտի շահութաբերությունը: Ըստ այդմ՝  նոր նախագծով առաջարկվում է փոխհատուցման ծավալը հասցնել 50-ի՝ անկախ գլխաքանակից: 


«Երկրորդ կարևոր կետն այն է, որ եթե մինչ այս փոխհատուցում էինք տրամադրում առավելագույնը 300 տոհմային կենդանու համար, հիմա այդ թիվն առաջարկում ենք հասցնել 1000-ի, այսինքն՝ խոշոր տնտեսությունները, որոնք պատրաստ են մեծ ներդրումներ կատարել, մինչև 1000 գլխաքանակ ներմուծել Հայաստան կամ արդեն իսկ Հայաստանում արտադրողներից գնել, արդեն 1000 գլխաքանակի դեպքում փոխհատուցում ենք»,- ասաց նախարարը:


Մեկ այլ փոփոխության համաձայն՝ ձեռք բերվող տոհմային կենդանու հաշվարկային առավելագույն արժեքը նախորդ ծրագրում 1 մլն դրամ էր, հիմա առաջարկվում է 1,1 մլն դրամ: Ըստ նախարարի՝ այս գումարը գնաճային ճշգրտման է ենթարկվել, քանի որ և՛ տրանսպորտային ծախսերը, և՛ կենդանիների գները աճել են:


Նոր կարգավորում է առաջարկվում նաև վարկային բացադրիչի մասով: Կառավարությունը կենդանիներ ձեռք բերելու գումարը փոխհատուցում էր 2-3 տոկոսով, եթե ներմուծվող էր, ֆերմերները վարկով գնում էին 3 տոկոսային կետով, իսկ եթե Հայաստանի ներսից, ապա՝ 2 տոկոսային կետով: Հիմա առաջարկվում է ամբողջությամբ փոխհատուցել, 0 տոկոս դարձնել, բայց վարկը պետք է լինի ոչ ավելի, քան 14 տոկոս: Իսկ վարկի արտոնյալ ժամկետը 12-ի փոխարեն առաջարկվում է սահմանել 18 ամիս, ինչը նշանակում է, որ մայր գումարի մարումները սկսվում են 18-րդ ամսից հետո:


«Այս նախաձեռնությունը տարածվում է 2026 թվականից սկսած հարաբերությունների վրա»,- ասաց նախարարը:


Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ճշտեց՝ գործող շահառուները կարո՞ղ են ադապտացվել նոր պայմաններին, այսինքն՝ մեծացնել գլխաքանակը, վարկերի տոկոսադրույքը նվազեցնել, նախարարը պարզաբանեց՝ եթե 2025 թվականի գործող շահառու է, ուզում է էլ ավելի ընդլայնել տնտեսությունը, կարող է դառնալ շահառու: Նաև կարող են 2026 թվականի հունվարի 1-ից հետո դիմածները լինել շահառու, որոնց կենդանիները դեռ չեն հասել ՀՀ:

Leave a comment