Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Սիզրանի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է․ զոհեր կան

Քաղաքականություն

21.05.2026 | 11:04

Ռուսական Սիզրանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել, հայտնել է Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ Նա չի մանրամասնել, թե Սիզրանի որ օբյեկտներն են հարձակման ենթարկվել: Ուկրաինական Exilenova+ և Supernova+ ալիքները հաղորդում են, որ Սիզրանի նավթավերամշակման գործարանը հրդեհվում է, գրում է Current time-ը։

Supernova+-ը նաև պնդում է, որ ռուսական ՀՕՊ-ի հետևանքով մասնավոր տուն է հրդեհվել։

Սիզրանի նավթավերամշակման գործարանը «Ռոսնեֆտ»-ի Սամարայի նավթավերամշակման գործարանների խմբի մաս է կազմում: Դրա նախնական վերամշակման նախագծային հզորությունը տարեկան 8,5 միլիոն տոննա է: Նավթամշակման գործարանն արտադրում է բենզին և դիզելային վառելիք, նավի վառելիք, հեղուկ գազ և բիտում: Ուկրաինական բանակը նախկինում մի քանի անգամ հարձակվել է այս ձեռնարկության վրա:

Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը, իր հերթին, հայտնել է, որ մարզի հինգ շրջաններում «ոչնչացվել է ավելի քան երեք տասնյակ անօդաչու թռչող սարք»։ Շոլոխովի շրջանի Վեշենսկոյեի անտառտնտեսությունում «անօդաչու թռչող սարքի բեկորների» ընկնելուց հետո երկու հրդեհ է բռնկվել, սակայն երկուսն էլ արդեն մարվել են։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի լույս 21-ի գիշերը ՀՕՊ ուժերը Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի, Սամարայի և Սարատովի մարզերի, ինչպես նաև Կալմիկիայի, բռնակցված Ղրիմի և Կասպից ծովի վրա ոչնչացրել կամ որսացել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment