ՌԴ-ն ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանի ծաղկային արտադրանքի ներմուծման վրա
Ռուսաստանի բուսասանիտարական վերահսկողության մարմինը՝ «Ռոսսելխոզնադզորը», հայտարարել է Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծման նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների մասին, որոնք ուժի մեջ կմտնեն մայիսի 22-ից։
Գերատեսչության տվյալներով՝ սահմանափակումները կգործեն մինչև ջերմոցներում իրականացվող ստուգումների ավարտը և արդյունքների վերլուծությունը։
«Ռոսսելխոզնադզորը» նշել է, որ որոշումը պայմանավորված է Ռուսաստանի բուսասանիտարական անվտանգության ապահովման և արտահանման ներուժի պաշտպանության անհրաժեշտությամբ։ Չնայած Հայաստանի սննդի անվտանգության տեսչության տրամադրած երաշխիքներին՝ շարունակվում են ԵԱՏՄ-ի համար կարանտինային համարվող վնասատուների հայտնաբերման դեպքերը։
Ըստ հայտարարության՝ ներմուծված շուրջ 96,2 միլիոն ծաղկային արտադրանքից գրանցվել է 135 խախտում, ինչը կազմում է 2025 թվականի ընթացքում արձանագրված դեպքերի մոտ 77 տոկոսը։