Տոնոյան․ Իշխանությունը կատարում է ադրբեջանական ցեմենտ ՀՀ ներմուծելու Ալիևի պահանջը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները «հլու-հնազանդ կատարում են Ալիևի պահանջները», այդ թվում՝ ադրբեջանական ցեմենտի ներմուծման հարցում։

Այսպես Տոնոյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «Արարատցեմենտ» ընկերությունը պետական սեփականություն դարձնելու հնարավորության մասին։

Նրա կարծիքով՝ Փաշինյանի «ցայտնոտային հոգեվիճակը» բացառապես պայմանավորված է ԲՀԿ-ի բարձր վարկանիշով։

«Սա Փաշինյանի և նրա թիմի պահվածքի միակ բացատրությունն է․ նրանք հայտնվել են շփոթված վիճակում և փորձում են լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին»,- հայտարարել է Տոնոյանը։

Նա նաև անդրադարձել է Փաշինյանի հայտարարություններին «Արարատցեմենտի» հնարավոր բռնագրավման մասին՝ նշելով, որ նման հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում և օրինական ընթացակարգերի շրջանակում։

Տոնոյանի խոսքով՝ ընկերությունը «25 տարի գործել է սահմանված կարգով», իսկ իշխանությունների ներկայիս հայտարարությունները պայմանավորված են նախընտրական գործընթացներով և քաղաքական շարժառիթներով։

Մայիսի 20-ին քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտնել էր «Արարատցեմենտը» վերահսկողության տակ վերցնելու մասին։ ԱԺ քարոզարշավի մասնակցող Ծառուկյանն, արձագանքելով, նշել էր, որ տեղյակ է իշխանության նպատակների մասին, սակայն ունեցվածքը կորցնելուց չի վախենում։ Նա նշել էր, որ իշխանության քայլը նախընտրական բնույթ ունի, սակայն իրեն ճնշել չի ստացվի։

Ավելի ուշ դատախազությունը հայտնել էր, որ «Արարատցեմենտի» առնչությամբ քրվարույթ է նախաձեռնվել։

Armenia Today

Leave a comment