Ադրբեջանի օկուպացրած Հայաստանի ինքնիշխան տարածքի 200 քառակուսի կիլոմետրը պետք է վերադարձվի։ Եղվարդի բնակիչների հետ հանդիպմանը դրա մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Քաղաքական գործիչը, նշելով տարածքների վերադարձի խաղաղ ճանապարհը, ընդգծել է, որ Փաշինյանն այդպիսի հնարավորություն ունեցել է, սակայն նա նույնիսկ չի էլ փորձում վիճել, այլ կատարում է այն ամենը, ինչ իրեն հրամայում են (Բաքվից)։
Քոչարյանը բերել է իշխանությունների ձախողված քաղաքականության երեք դրվագ.
Պարտված պատերազմ, թշնամուն հանձնված տարածքներ, հազարավոր զոհեր ու վիրավորներ. ոչ ոք այս փաստը չի հերքում, պարզապես բարդում են «նախկինների» վրա։
Պառակտված հասարակություն, պայքար եկեղեցու դեմ, հարձակումներ ինքնության վրա. Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարն ամրագրված է «ՔՊ»-ի ծրագրում։
Աշխարհաքաղաքական արկածախնդրություն. նոր ընկերներ ձեռք չբերելով՝ թշնամանում են հին ընկերների հետ։ Հետևանքները լինելու են չափազանց ծանր։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ադրբեջանական բանակը նախկինում Սյունիքից 300 կմ հեռավորության վրա էր, իսկ այժմ գտնվում է Կապանի անմիջական հարևանությամբ։
Այդ ամենը բազմապատիկ նվազեցնում է երկրի անվտանգության մակարդակը, հիշեցրել է Քոչարյանը։ «Սակայն նա (Փաշինյանը) ասում է, թե խաղաղություն է բերել։ Հնարավոր չէ խաղաղություն բերել՝ թուլացնելով երկիրը։ Խաղաղություն կարելի է բերել միայն երկիրն ուժեղացնելով»,- ընդգծել է Քոչարյանը՝ նկատելով, որ Փաշինյանի շահերը որևէ ընդհանուր բան չունեն Հայաստանի և հայ ժողովրդի շահերի հետ. նա ունի միայն մեկ շահ՝ պահել աթոռը, քանի որ իր գործած հանցանքների համար ներում չկա, և ընտրությունները կյանքի ու մահվան հարց են։
«Պետք է վռնդել»,- հավելել են Եղվարդի բնակիչները։
Ի վերջո, Քոչարյանը կրկնել է. «Ով քվեարկում է Նիկոլի օգտին, քվեարկում է Ալիևի օգտին»։
News.am