Նիկոլ Փաշինյանն այսօր Շնողում կրկին անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ օտարերկրյա գործակալ լինելու մասին մամուլում հայտնված լուրին:
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը կարող ենք ռեբրենդինգի ենթարկել եւ անվանել լրտեսական եռագլուխ կուսակցություն կամ եռալրտեսական կուսակցություն: Այս կալուգացու հարցը պարզ է, չեն էլ համարձակվում ասել, որ դատի կտան: Ի՞նչը դատի տան, փաստ է: Դատի տալը մի այիբ է, դատապարտվելը արդեն «պեչատը» ճակատին խփել է: Բա պետության դեմ ընկել էին միջազգային արբիտրաժները ՀԷՑ-ի գործով, ուժեղը դուք չեք, ուժեղը պետությունն է: Դե թող գնան միջազգային արբիտրաժներ դիմեն»,- ասաց Փաշինյանը:
Նշենք, որ «Ուժեղ Հայաստանի» խոսնակը հայտարարել է, որ դատական հայցեր են ներկայացվելու ՔՊ-ի այն բոլոր անդամների դեմ, որոնք տարածել են այդ ապատեղեկատվությունը Սամվել եւ Նարեկ Կարապետյանների մասին։
Նիկոլ Փաշինյանը չմոռացավ նաեւ ընդդիմության մյուս գործիչներին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին. «Եթե հիշում եք՝ երկու տարի առաջ ձայնագրություն հրապարակվեց, որտեղ Քոչարյանը՝ դիմելով օտար երկրներին, ասում էր՝ ինձ մտցրիք քաղաքական դաշտ, հիմա խնդիրներ ունեմ,ապահովեք իմ դուրս գալը քաղաքական դաշտից: Այն ժամանակ ասացին՝ արհեստական ինտելեկտով է պատրաստված: Դեռ այն ժամանակ առաջարկել եմ հասարակական կազմակերպություններին միջազգային փորձաքննություն պատվիրեն: Ես ասում եմ, պատասխանատու երաշխավորում եմ, որ դա օրիգինալ ձայնագրություն է: Կոչ եմ անում հասարակական կազմակերպություններին՝ տարեք դա փորձաքննության: Եթե կալուգացին «բ» կլասի լրտես է, Ծառուկյանը՝ «ճ» կլասի լրտես է: Երեկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մեր ասածներին՝ ասում է՝ դե գիտեք, ես չեմ իջնում այդ մակարդակին, չեմ մեկնաբանում, խնդիրը գիտեք՝ որն է, ախր դու իրոք չես կարող իջնել այդ մակարդակի, քո մակարդակն այնքան ցածր է, որ իջնելու տեղ չունես, հակառակ դեպքում կիջնեիր:
Բայց ուրիշ բաներ են բացահայտվում, ժողովուրդ ջան. Գուլոյան-Ծառուկյան մաֆիան նոր պետք է իր հատուցմանը հասնի: Հիմա ձեզ ուղիղ ասում եմ՝ շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական ու պատկանելու է Հայաստանի հանրապետությանը: Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է, կառավարությունն արդեն իսկ գրություն է ստացել գլխավոր դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման: Առաջիկայում ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այդպես էլ Արարատի ցեմենտի գործարանում եւ գործարանի բոլոր աշխատակիցներին շնորհավորում եմ, որ այլեւս կարիք չունեն կատարելու Ծառուկյանի հրահանգը, որովհետեւ նրանց գործատուն այս պահից սկսած Հայաստանի հանրապետությունն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: