45-ամյա Աստղիկ Հակոբջանյանը ծնվել և մեծացել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և այսօր «Միսիս Հայաստան» մրցույթում մեծ հպարտությամբ ներկայացնում է իր հարազատ Լոռին։
Մասնագիտությամբ պատմաբան և իրավագետ Աստղիկը տարիներ շարունակ աշխատել է ուժային կառույցներում և տարբեր պետական գերատեսչություններում, իսկ այժմ գործունեությունը շարունակում է Երևանի քաղաքապետարանում։ Նրա խոսքով՝ այդ ճանապարհը ձևավորել է իր բնավորությունը՝ տալով կարգապահություն, պատասխանատվություն և ցանկացած իրավիճակում ամուր մնալու կարողություն։
Սակայն Աստղիկ Հակոբջանյանի կյանքի ամենամեծ հպարտությունը նրա երկու որդիներն են։ Ավագ որդին՝ Մհերը, կրթություն է ստացել Դիլիջանի միջազգային դպրոցում՝ UWC-ում, այնուհետև ընդունվել Erasmus University Rotterdam։ Կրտսեր որդին՝ Գոռը, ավարտելով վարժարանը, ընդունվել է Բելգիայի լավագույն բուհերից մեկը՝ KU Leuven, բացի այդ, նա մասնակցել է նաև Փարիզում կայացած Top Model European միջազգային մրցույթին և համագործակցում է մոդելային կազմակերպությունների հետ։
«Իմ երեխաների հաջողությունները ինձ միշտ հիշեցնում են, որ ճիշտ դաստիարակությունը, կրթությունը և երազանքներին հավատալը կյանքում ամենակարևոր արժեքներից են։ Ինձ ամենաշատը ոգեշնչում են իմ տղաները։ Երբ տեսնում եմ նրանց հաջողությունները միջազգային կրթական և մոդելային հարթակներում, հասկանում եմ, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է, եթե աշխատասեր ես և հավատում ես քեզ։ Նրանք ոչ միայն իմ երեխաներն են, այլ նաև իմ ուժը, իմ մոտիվացիան և իմ ամենամեծ հպարտությունը»,- պատմում է Աստղիկը։
Նրա խոսքով՝ հենց որդիների հաջողություններն ու աջակցությունն են իրեն ուժ տվել նոր քայլ անելու և կյանքի տարիներով պահված երազանքներից մեկը այսօր իրականություն դարձնելու համար։
«Այս մրցույթին մասնակցելը ինձ համար պարզապես գեղեցկության մրցույթ չէ։ Սա կնոջ ուժի, փորձի, կանացիության և ինքնավստահության մասին պատմություն է։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր կին հասկանա՝ անկախ տարիքից կամ կյանքի դժվարություններից, երբեք ուշ չէ նոր նպատակներ դնելու և սեփական երազանքներին հասնելու համար»,- նշում է մոդելը։
Աստղիկ Հակոբջանյանը խոստովանում է՝ մասնակցելու ցանկությունը վաղուց կար, սակայն երկար ժամանակ այն մնացել էր պարզապես երազանք։ Եղել են նաև վախեր՝ հանրային ուշադրությունից, քննադատություններից և անհաջողությունից։ Բայց մի օր նա հասկացել է, որ ամենամեծ պարտությունը չփորձելն է․ «Երբ հաղթահարում ես սեփական վախերդ, սկսում ես նորովի ճանաչել քեզ»։
Մրցույթին պատրաստվել է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես։ Նրա համար այս ճանապարհը դարձել է ինքնաճանաչման և ներքին ուժի բացահայտման կարևոր փուլ։
«Ամեն օր աշխատել եմ ինքս ինձ վրա՝ ավելի ուժեղ, ավելի հավասարակշռված ու ավելի ինքնավստահ դառնալու համար։ Իհարկե դժվարություններ եղել են։ Ցանկացած մեծ ճանապարհ իր հետ բերում է հոգնածություն, լարվածություն ու երբեմն նաև ինքնակասկած։ Բայց ես սովորել եմ դժվարություններին նայել որպես փորձության, ոչ թե կանգառի։ Ինձ ուժ են տալիս իմ նպատակները, իմ երեխաները և իմ ընտանիքի հիշատակը։ Ես վստահ եմ, որ ծնողներս երկնքից շարունակում են հարթել իմ ճանապարհը, և այդ հավատն ինձ երբեք թույլ չի տալիս հանձնվել»,- պատմում է Աստղիկը։
Նա առանձնահատուկ ջերմությամբ է խոսում նաև ծնողների մասին՝ վստահ լինելով, որ նրանց օրհնությունն ու աջակցությունը շարունակում են ուղեկցել իրեն կյանքի բոլոր փուլերում։
Այսօր Աստղիկի կյանքում կարևոր տեղ ունեն ինքնազարգացումը, ստեղծագործական նախագծերն ու հանրային գործունեությունը։ Միևնույն ժամանակ, նա մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում Լոռին ներկայացնելու գաղափարին։
«Ինձ համար շատ կարևոր է նաև ներկայացնել Լոռին՝ իր ջերմությամբ, մշակույթով և արժանապատիվ մարդկանցով։ Լոռին իմ հոգու մի մասն է, և ես մեծ հպարտությամբ եմ ներկայացնում այն»,- ասում է Աստղիկը։
Աստղիկ Հակոբջանյանի համոզմամբ՝ ժամանակակից հայ կինը պետք է լինի կրթված, ինքնավստահ, ուժեղ, բայց միաժամանակ պահպանի իր կանացիությունն ու ազգային արժեքները։
Նրա կյանքի կարգախոսն է․ «Երբ հավատում ես քեզ, կյանքն էլ սկսում է հավատալ քեզ»։
Իսկ եթե նույնիսկ հաղթանակը չլինի վերջնական արդյունքը, Աստղիկն արդեն իրեն հաղթած մարդ է համարում, քանի որ առաջին հերթին հաղթել է ինքն իրեն ու իրականացրել իր երեզանքը․ «Իմ ամենաուժեղ հատկանիշը երբեք չհանձնվելն է։ Անգամ ամենադժվար փուլերում փորձում եմ պահպանել հավատս ու առաջ շարժվել։ Ինձ ամենաշատը ուրախացնում են երեխաներիս ժպիտներն ու հաջողությունները։ Մայր լինելը իմ կյանքի ամենամեծ երջանկությունն է։ Իսկ իրական գեղեցկությունը, իմ կարծիքով, մարդու հոգու մեջ է՝ բարության, ջերմության և լույսի մեջ»։
Աստղիկը ինքն իրեն նկարագրում է՝ ուժեղ, զգացմունքային և նպատակասլաց։
«Եթե ամբողջ Հայաստանը հիմա լսեր ինձ, ես կասեի՝ երբեք մի վախեցեք ձեր երազանքներից։ Անկախ տարիքից կամ կյանքի փուլից՝ մարդը միշտ իրավունք ունի նորից սկսել, հավատալ իրեն և պայքարել իր երջանկության համար»,- վստահ ասում է Աստղիկը։
Նա ցանկանում է, որ մարդիկ իրեն հիշեն որպես ուժեղ, բարի և արժանապատիվ կնոջ, ով իր օրինակով կարողացավ ոգեշնչել ուրիշներին երբեք չվախենալ նորից սկսելուց և հավատալ սեփական ուժին։