ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակումը

Բաժանորդագրվել

Էր Ռիադում Խալեդ թագավորի անվան օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել: Ռուսաստանը հակամարտության կողմերին կոչ է անում հրաժարվել քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելուց:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը դատապարտում է Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հրթիռային հարձակումը և հակամարտության կողմերին կոչ է անում հրաժարվել քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելուց: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 10-ին Էր Ռիադում Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանը ենթարկվել է զանգվածային հրթիռակոծության: Գրոհի հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հպատակներ և Բանգլադեշի, Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Պաղեստինի, Սուդանի և ԱՄՆ քաղաքացիներ: Ավելի քան 300 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: Օդանավակայանին լուրջ նյութական վնաս է հասցվել:

«Մոսկվայում խորին ցավակցություն են հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին և շուտափույթ ապաքինում են մաղթում վիրավորներին: Ռուսաստանը դատապարտում է տվյալ գրոհը և Արաբական թերակղզու գոտում հակամարտությունների մասնակիցներին կոչ է անում ամբողջությամբ հրաժարվել քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածներ հասցնելուց»,–ասվում է հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակները պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ տարածաշրջանի բոլոր պետությունների շահերը հաշվի առնելով։

Leave a comment