«Ես մեր տան մոտ էի, նա այնտեղ քարոզարշավ էր անում, հեռու էի, չեմ լսել, թե ինքն ինչ է գոռում, հետո տեսանյութով եմ տեսել: Բայց նա ինձ տեսել է, սկսել է գոռգոռալ»,- պատմում է Փոստանջյանը: Այլ կերպ ասած՝ նա կարմիր կտորի դեր է կատարել կատաղած ցլի համար: Բայց ի՞նչ է եղել ի սկզբանե, ինչո՞ւ է այսչափ հունից դուրս գալիս Փաշինյանը` իրեն տեսնելով, գուցե ինչ-որ պատճա՞ռ կա: «Չեմ կարող ասել հստակ: Երեւի, որովհետեւ տեսել եմ իրեն վատ վիճակներում, հիստերիայի մեջ ընկած: Եղել է, որ առաջարկել է իր հետ «Ելք» դաշինքով հանդես գալ, հիշո՞ւմ եք, ես մերժել եմ, գուցե դրանից է, գուցե՝ 16 տարի առաջվա դեպքերից»։ Եվ պատմում է, որ 16 տարի առաջ՝ 2010 թվականին, երբ Փաշինյանը «Կոշ» ՔԿՀ-ում էր, իրեն գիշերով զանգահարել է Աննա Հակոբյանը, թե դիմակավորված անձինք հարձակում են գործել` ամուսինը ահավոր վիճակում է: «Ես այդ պահին երեխայիս կրծքով կերակրում էի: Այդ ժամանակ փաստաբաններն իրավունք չունեին մուտք գործել մեկուսարանի տարածք, օրենքը թույլ չէր տալիս: Նրա փաստաբանները չէին կարողացել գնալ, միայն պատգամավորներին էին թույլ տալիս: Կինն ասաց՝ խնդրում եմ, էլի, անպայման գնանք, ես կգամ քո հետեւից: Էնպես խոսեց, որ ընտրություն չունեի, երբ նման բան են ասում, չես կարողանում մերժել: Գնացինք, ամբողջ գիշեր այնտեղ ենք եղել»,- վերհիշում է Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում:
Նա ասում է, որ Փաշինյանը չի մանրամասնել, թե ինչ հարձակում է եղել, ովքեր են եղել, ինչ են արել իրեն: «Էն բառերը, որ երեկ գոռգոռում էր, նույնը այն ժամանակ էր գոռգոռում՝ ուզում եք էս անեք, ուզում եք էն անեք, ձեռքիցս քաշում էր, չէր թողնում, որ դուրս գամ խցից: Ընդամենը գոռում էր, որ իր վրա հարձակվել են դիմակավորված անձինք, ծեծել են, ուզել են սպանել: Իր խնդիրն այն էր, որ իրեն չթողնեն «Կոշում», տեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ, եւ այդպես էլ եղավ: Մենք մնացինք մինչեւ լույս, ու դրանից հետո նրան տեղափոխեցին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ»,- պատմեց Փոստանջյանը:
Հարցին, թե ինչն է Փաշինյանի պահվածքում ամենաշատն իրեն զայրացրել, փաստաբանը պատասխանում է. «Ֆիզիկական հպումը մարդուն, օտար կնոջն անթույլատրելի է: Ինչ ծայրահեղ վիճակում պետք է նա լինի, որ կպչի օտար կնոջը: Նույն ձեւով այդ գիշերը, Կոշի բանտում նա իմ ձեռքն էր բռնել ու չէր թողնում, որ գնայի»: Ի դեպ, 2010 թվականին այն ժամանակ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա դիմակավոր անձանց հարձակման վերաբերյալ քրեական վարույթը 2020 թվականին վերսկսվել էր` հավանաբար, հենց Փաշինյանի պահանջով:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: