Քրիստոնյան չի կարող ասել՝ «ավելի լավ է՝ մեռնեիր»

Փաշինյանը պնդում է, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է։ Սակայն ես կարծում եմ, որ նա իրականում որեւէ քրիստոնեական հավատքի հետեւորդ չէ։ Վստահ չեմ, որ իմ ընկալումը ճիշտ է, եւ կարիք ունեմ հոգեւորականների կարծիքն իմանալու, բայց ինձ թվում է՝ քրիստոնյան որեւէ ձեւով որեւէ մարդու չպիտի հետեւյալ դաժան հարցը տա՝ «ինչո՞ւ դու չես զոհվել»։ Այդպիսի հարց կարող է տալ միայն ինչ-որ սատանիստական պաշտամունքի կամ աղանդի ներկայացուցիչ։

Ընդ որում, կարեւոր չէ, թե ում մահն է ցանկալի համարվում՝ թեկուզ ամենավերջին հանցագործի, մոլագար մարդասպանի: Նման մարդիկ, իհարկե, պետք է մեկուսացվեն հասարակությունից, գուցեեւ՝ ցմահ, բայց տենչալ նրանց մահը, կարծում եմ, հակասում է քրիստոնեական արժեքներին։ Ամենասարսափելի չարագործին, թեկուզ բանտում, պետք է շանս տրվի, եւ մենք չենք կարող ասել, թե ինչպես, որ պահին է տեղի ունենալու «մետանոյան», դարձը։

Ես միշտ կողմ եմ եղել, որ Հայաստանում ձեւավորվի իրական քրիստոնյա–ժողովրդավարական շարժում, որ ժողովրդավարությունը չդիտվի որպես պարտադիր պահանջների ցանկ, թեստ, որի կատարման մասին մենք պետք է զեկուցենք եվրոպական կառույցներին՝ հաճախ այդ առումով զեղծարարությունների դիմելով, սեւը սպիտակ ներկայացնելով։

Հանուն արդարության ասեմ, որ այդպես են վարվել նաեւ նախորդ իշխանությունները, սակայն «եվրոպական վերահսկիչներն» այն ժամանակ, բարեբախտաբար, հալած յուղի տեղ չէին դնում վարդագույն պատկեր ներկայացնող զեկույցները։ Այժմ, երբ իշխանությունների իրավական կամայականությունները, քաղաքական ռեպրեսիաները 35 տարվա կտրվածքով գագաթնակետին են հասել, երբ վարչապետը նախընտրական արշավի ժամանակ, փոխանակ զրուցի ընտրողների հետ, հարձակվում է նրանց վրա եւ պետական բռնաճնշումներով սպառնում է ընտրություններում իր քաղաքական մրցակիցներին, հենց հիմա՛ են «հսկիչները» պնդում, որ մեր երկրում ժողովրդավարական դրախտ է հաստատվել:

Բայց ես ժողովրդավարությունն այլ ձեւով եմ պատկերացնում. այն, օրինակ, բացառում է նեղության մեջ հայտնված, տնից եւ ունեցվածքից զրկված մարդկանց նկատմամբ բարոյական տեռորը։ Ժողովրդավարությունը բացառում է քաղաքական բանավեճի ժամանակ անձերին, ընտանիքի անդամներին կպնելը։

 

…Սրտանց, ամենայն անկեղծությամբ առողջություն եմ ցանկանում բոլոր ՔՊ-ականներին եւ նրանց ընտանիքներին, բայց նրանք իրենց դրսեւորում են ոչ թե որպես քրիստոնյաներ, այլ՝ սատանայական պաշտամունքի ներկայացուցիչներ։

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment