ՀՀ-ում հարգել են Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանության զոհերի հիշատակը

Երևանում և Ալավերդիում հարգանքի տուրք են մատուցել Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի հունական համայնքի «Պատրիդա» ՀԿ–ի նախագահ Էդուարդ Պոլատովը, ի հիշատակ անմեղ զոհերի, այս տարի համայնքի խնդրանքով Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է պատարագ, որին ներկա են եղել հունական համայնքի ներկայացուցիչներ, Հայաստանի և Արցախի մշակույթի գործիչներ, ինչպես նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Պոլատովի խոսքով` նախորդ տարիներին հիշատակի պատարագներ էին մատուցվել ինչպես Սուրբ Սարգիս եկեղեցում, այնպես էլ Երևանի Նորագավիթ թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում գտնվող, վրացական համայնքին հատկացված եկեղեցում:

Հիշատակի միջոցառումներ են անցկացվել նաև Ալավերդիում, որտեղ, ինչպես Լոռու մարզի այլ քաղաքներում, կա հունական զգալի համայնք: 2022 թվականին տեղի համայնքի միջոցներով քաղաքում տեղադրվել է հայ և հույն ժողովուրդների ընդհանուր ճակատագիրը խորհրդանշող խաչքար, որի մի կողմում պատկերված է հայկական կարմիր տուֆից զարդանախշով խաչ, մյուս կողմում՝ հունական սպիտակ մարմարե զարդանախշով խաչ: Հիշատակի արարողությանն ավանդաբար մասնակցում են տեղի հայ և հույն բնակիչներ, ինչպես նաև քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ հույների զանգվածային բնաջնջում է տեղի ունեցել Օսմանյան կայսրության պատմության տարբեր ժամանակահատվածներում։ Առավել ծավալուն տեղահանություններն ու սպանությունները տեղի են ունեցել 1913-1923 թվականներին՝ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին և քեմալական Թուրքիայի առաջին տարիներին՝ ժամանակագրորեն համընկնելով հայերի, ասորիների և եզդիների ցեղասպանության հետ։

20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության տարածքում՝ Պոնտոսում, Կապադովկիայում, Էգեյան ծովի արևելյան ափին, Կոստանդնուպոլսում և կենտրոնական Անատոլիայում, ապրում էին մոտ 2,5 միլիոն հույներ։ Այսօր Թուրքիայում ընդամենը մի քանի հազար հույն է բնակվում։

Leave a comment