Ինչո՞ւ որևէ ՔՊ-ական չի զոհվել ու ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ողջ

Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, բոլոր արցախցիները, հատկապես նրանք, որոնք քննադատաբար են տրամադրված ՔՊ-ական իշխանությանը, պետք է զոհված լինեին պատերազմում։ Իսկ եթե ողջ են, ուրեմն կա՛մ չեն կռվել, կա՛մ փախել են մարտի դաշտից ու ընդհանրապես հայրենասեր չեն։ Առհասարակ «ինչո՞ւ ես ողջ» մեղադրանքը նորություն է, որը շպրտվում է մարդկանց երեսին ու միայն Նիկոլ Փաշինյանի մտքով կանցներ մարդուն մեղադրել միայն նրա համար, որ նա ապրում է։

Նույն տրամաբանությամբ կարելի է հարց տալ, իսկ ինչո՞ւ որևէ ՔՊ-ական պատգամավոր, աչքի ընկնող կուսակցական, որոշակի պաշտոն զբաղեցնող անձ չի զոհվել պատերազմի ժամանակ։ Որքան հիշում ենք, ՔՊ-ականներն ինչ-որ ջոկատ էին կազմել ու մեկնել իբր կռվելու։

Ինչո՞ւ «Էրատո» ջոկատի որևէ անդամ կամ հենց ինքը՝ «զորավար» Աննա Հակոբյանը չի զոհվել պատերազմում, չէ որ նրանք մեկնեցին մարտնչելոււ, քանի որ ինչպես ջոկատի «հրամանատարն» էր ասում՝ տեսնում էին, թե ինչպես են տղամարդիկ փախնում։ Տրամաբանությունը հուշում է, որ «կրակն իրենց վրա» վերցրած այդ հայուհիների առնվազն կեսը չպետք է վերադառնային մարտի դաշտից։

Ինչո՞ւ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը չի զոհվել մարտի դաշտում։ ՔՊ-ականները Զորավար Անդրանիկի մոտիվացիաներով ինչ-որ լեգենդներ էին տարածում, իբր Աշոտ Փաշինյանն արցունքն աչքերին հորդորում էր մյուսներին չնահաջնել։ Այդ դեպքում նա դեմ հանդիման միայնակ պետք է մնար թշնամու հետ ու այսօր հանձինս նրա պետք է ունենայինք հետմահու ազգային հերոսի կոչմանն արժանացած հայորդու։

Եվ վերջապես ինչո՞ւ է ողջ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որը գերագույն գլխավոր հրամանատարն էր։ Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, որ պարտություն կրած հրամանատարը անպատվության ու արժանապատվության միջև ընտրություն կատարելիս նախապատվությունը տվել է վերջինին ու ինքնասպան եղել։

Իհարկե այս հարցադրումները չեն նշանակում, որ ցանկանում ենք նշված անձանցից որևէ մեկի մահը, սակայն ինչպես Աստվածաշնչում է ասվում. «Մի արա ուրիշին այն, ինչ չես ցանկանա քեզ հետ անեն»։ Ուստի եթե դու մեկին մեղադրում ես ողջ լինելու մեջ, ապա կարող ես հարուցել մյուսների զարմանքը, թե ինչո՞ւ ես ողջ ինքդ։

Բայց իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այս մեղադրանքներով թշնամության ու ատելության նոր սերմեր է ցանում արցախցիների նկատմամբ։ Նա փորձում է ստեղծել այն պատրանքը, իբր արցախցիները չեն պայքարել ու չեն կռվել հանուն Արցախի։ Նա այս ստոր քայլով զոհվածների հարազատների մոտ փորձում է անարդարության գիտակցում առաջացնել ողջերի նկատմամբ, այլ խոսքով, Փաշինյանը հանրությանը սև ու սպիտակի բաժանելուց հետո, հիմա էլ փորձում է բաժանել ողջերի ու մեռածների ու բոլորին հանել իրար դեմ։ Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրության մոտ ձևավորել այն պատկերացումը, որ «լավ արցախցին մեռած ղարաբաղցին է»։

Ամեն անգամ երբ հանդիպում ենք Նիկոլ Փաշինյանի հերթական ստոր քայլին, թվում է, թե նա հասել է անդունդի հատակը, որ այլևս իջնելու տեղ չկա, բայց ամեն անգամ համոզվում ենք, որ սխալվել ենք, քանի որ Նիկոլ Փաշինյանի ստորությունն անհատակ է։

Կարեն Կարապետյան

Leave a comment