Ո՞ր գործшկшլներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
The Insider-ը ծավալուն հետաքննություն է հրապարակել՝ ներկայացնելով Հայաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտելու Ռուսաստանի ծրագրերը և բացահայտելով գործընթացում ներգրավված ռուսական տարբեր դերակատարների:
Հոդվածի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև:
«Մոլդովայում և Հունգարիայում անհաջողություններից հետո Կրեմլը իր բոլոր ռեսուրսները կենտրոնացրել է Հայաստանի վրա, որտեղ հունիսի 7-ին կկայանան խորհրդարանական ընտրություններ։ Կրեմլը հույս ունի կանխել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը, որը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ մերձեցման ուղին է ընտրել։ The Insider-ը պարզել է, թե ով է վերահսկում Հայաստանի գործերը ՌԴ նախագահի աշխատակազմում, Արտաքին հետախուզության ծառայության, Գլխավոր հետախուզական վարչության և Անվտանգության դաշնային ծառայության որ աշխատակիցներն են գործուղվել Հայաստան՝ սահմանված խնդիրներն իրականացնելու համար, և ընդդիմադիր թեկնածուներն ինչպես են կապված ռուսական հետախուզական ծառայությունների հետ։
Հայաստանի մոսկովյան կուրատորները
Փաշինյանի դեմ տեղեկատվական արշավը համակարգում է վերջերս ստեղծված Նախագահական ռազմավարական գործընկերության և համագործակցության վարչությունը (ՌԳՀՎ): Այն փոխարինում է Մշակութային կապերի վարչությանը, որը գլխավորում էր Կոզակը, որը պաշտոնանկ էր արվել Մոլդովայի ընտրությունների վրա ազդելու անհաջող փորձից հետո: Նոր վարչությունը ղեկավարում է Վադիմ Տիտովը, որը աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի հովանավորյալն է: Նրա պաշտոնավարման մեկնարկը հաջող չէր. Հունգարիայի ընտրություններից առաջ նա իր օգնականի՝ Եգոր Կվյատկովսկու հետ թռավ Բուդապեշտ, բայց քարոզարշավն ավարտվեց Օրբանի ջախջախիչ պարտությամբ: Այժմ նա բարեհաճության արժանանալու նոր հնարավորություն ունի:
Հին հրապարակում (խմբ.՝ ՌԴ նախագահականում) Հայաստանի անմիջական կուրատորներն են են ՌԳՀՎ միջտարածաշրջանային և սոցիալ-մշակութային հարաբերությունների զարգացման վարչության պետ Վալերի Չերնիշովը և նրա տեղակալ Դմիտրի Ավանեսովը, որոնք երկուսն էլ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներ են: 2013 թվականին Աբխազիայում գտնվող ռուսական ռազմաբազայում ծառայությունից հետո Չերնիշովը հրավիրվեց ռազմական հետախուզություն, որտեղ նա դիվերսիայի հիմունքներ էր դասավանդում Շչյոլկովսկի շրջանի Զագորյանսկի գյուղում անցկացվող Գլխավոր հետախուզական վարչության սպաների պատրաստման դասընթացի շրջանակում: Նախագահական աշխատակազմում նա սկզբում համակարգում էր Վրաստանի հետ կապված հարցերը, այնուհետև նրան հանձնարարեցին Հայաստանի հարցերը:
Նրա տեղակալ Ավանեսովն ավարտել է Պետրոս Մեծի անվան հրթիռային ուժերի ռազմական ակադեմիան և ունի գնդապետի կոչում:
2012 թվականին նա ավարտել է ԱԴԾ-ի Մոսկվայի նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի որակավորման բարձրացման կուրսերը՝ «Ազգային անվտանգության վիճակի գնահատման, վերլուծության և կանխատեսման համակարգեր» ծրագրի շրջանակում: Երկուսն էլ մի քանի անգամ այցելել են Երևան և հանդիպել են Կրեմլի տեղական ընկերների հետ: Ռուսաստանի կառավարությունում հայկական գործերի պատասխանատուն փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է: Բառացիորեն ամեն շաբաթ նա սպառնում է Հայաստանին խոշոր տնտեսական խնդիրներով, եթե այն շարունակի մերձեցումը Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ:
ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի ընտրություններով զբաղվում է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Կալուգինը: Նա իր դիվանագիտական կարիերան սկսել է որպես մամուլի կցորդ Լիտվայում, երբ դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր Արտաքին հետախուզական ծառայության նախկին փոխտնօրեն Յուրի Զուբակովը: 2006 թվականին Լիտվայի հետախուզական ծառայությունները կցորդին կասկածել են ռուսական հետախուզության համար աշխատելու մեջ, ինչից հետո նա հետ է կանչվել Մոսկվա:
2016 թվականին Կալուգինն աշխատել է որպես տնտեսական խորհրդական Վաշինգտոնում գտնվող Ռուսաստանի դեսպանատանը, և նրա անունը հայտնվել է լրատվամիջոցներում՝ կապված ԱՄՆ ընտրություններին Մոսկվայի միջամտության հետ: Հրապարակումներից հետո նա լքել է ԱՄՆ-ը և նշանակվել է Արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքականության պլանավորման վարչության բաժնի վարիչ: Անցյալ տարվա հուլիսին նա ստանձնել է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:
Հայաստանում ամենաակտիվ կազմակերպություններն են՝ Գորչակովի հիմնադրամը, որը խթանում է կրեմլամետ նարատիվները, Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը, որը գլխավորում է Արտաքին հետախուզական ծառայության կադրային սպա Վլադիսլավ Գասումյանովը, Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, որը արտաքին հետախուզության վերլուծական կենտրոն է, ինչպես նաև մի խումբ կեղծ քաղաքագետներ, փորձագետներ, խորհուրդներ և կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են «Հին հրապարակից»։
Փաշինյանի դեմ քարոզչական արշավի առաջատար դիրքերում են արդեն վաղուց ծանոթ դեմքեր՝ սենատորներ Կոնստանտին Կոսաչևը և Կոնստանտին Զատուլինը։ Սենատոր Զատուլինը գլխավորում է «Միջազգային ռուս-հայկական Լազարյան ակումբը», որի մեջ, ի դեպ, մտնում է նաև «Տաշիրի» սեփականատեր միլիարդատեր Կարապետյանը։
Ռուսաստանի դեսպանատնից «փափուկ ուժի» առաջմղմամբ զբաղվում է «Ռոսսոտրուդնիչեստվոն»։ Նրա իրավասության շրջանակում գտնվող Երևանի «Ռուսական տան» հովանու ներքո անցկացվում են սեմինարներ, դասախոսություններ, կլոր սեղաններ և ամառային ճամբարներ, որտեղ մասնակիցներին ցուցադրվում են ֆիլմեր «Ուկրաինայում նացիզմի վերածննդի» մասին։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է երիտասարդների վրա, որոնց անընդհատ ներարկում են այն գաղափարը, որ Հայաստանն ապագա ունի միայն Ռուսաստանի հետ։
Ռուսական տան ղեկավարը «ՆՏՎ»-ի նախկին ռազմական թղթակից Վադիմ Ֆեֆիլովն է։ 2000 թվականին ՆՏՎ-ի դեմ Պուտինի կողմից ձեռնարկված ճնշումներից հետո Ֆեֆիլովը և լրագրողների հիմնական խումբը տեղափոխվեցին Բորիս Բերեզովսկու կողմից ֆինանսավորվող ՏՎՑ։ Այնուհետև նա վերադարձավ ՆՏՎ և 2018 թվականին դարձավ հեռուստաընկերության գլխավոր տնօրենի խորհրդական։
Իգոր Չայկան՝ նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդին, վերջերս նշանակվել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար, և սա, ի թիվս այլ բաների, կարող է կապված լինել նաև Հայաստանում միջամտության նախապատրաստական աշխատանքների հետ։ Չայկա Կրտսերը լայնորեն հայտնի է աղբի արդյունաբերության ոլորտում կոռուպցիոն սկանդալներով, բայց վերջերս նա բոլորովին այլ կերպարով է հանդես գալիս:
Մոլդովայի ընտրություններին Կրեմլի միջամտության շրջանակում հենց Չայկայի միջոցով է ֆինանսավորվել ռուսամետ ընդդիմությունը։ 2022 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, ապա նաև Եվրամիությունը նրան ներառել են պատժամիջոցների ցանկում։ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախկին ղեկավար Եվգենի Պրիմակովը բազմիցս հայտարարել է, որ ժամանակն է վերջ դնել «բալալայկայի դիվանագիտությանը» և դադարեցնել արտասահմանում անիմաստ միջոցառումների վրա գումար վատնելը, բայց, ըստ երևույթին, Կրեմլն այլ կարծիքի է. Պրիմակովը հեռացվել է, և նրա փոխարեն նշանակվել է Չայկան։
Հայաստանում բնակվողը և նրա ընկերները
Հունիսի 3-ին Երևանում Ռուսաստանի դեսպանատանն աղմկոտ է լինելու. գործընկերները առավոտյան շնորհավորելու են ՌԴ առևտրային ներկայացուցիչ Ալեքսեյ Միշլյավկինին 65-ամյակի կապակցությամբ:
Երեկոյան կկազմակերպվի խնջույք, որտեղ կհնչեն կենացներ՝ նվիրված մեծ Ռուսաստանին, Պուտինին, ռուսական զենքի հաղթանակին և այլն: Սակայն դիվանագետներից քչերն են կռահում, որ Միշլյավկինը իրականում ոչ թե առևտրային ներկայացուցիչ է, այլ Հայաստանում գտնվող Արտաքին հետախուզության ծառայության ռեզիդենտ գործակալ: Դուք նրա անունը չեք գտնի Երևանում Ռուսաստանի դեսպանատան կայքում, սակայն այն ներառված է դիվանագիտական ցանկում:
Իր բազմաթիվ գործակալների միջոցով Միշլյավկինը տեղյակ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր քայլի մասին: 2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո նախկին ընդդիմադիր լրագրող Փաշինյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը և դարձավ Հայաստանում ռուսական գրեթե բոլոր հետախուզական գործողությունների հիմնական թիրախը: Մոսկվայում նրան տրվեց «Մորուք» մականունը, և եռանդուն ձևով սկսեցին հավաքել կոմպրոմատային տեղեկություններ:
Արտաքին հետախուզական ծառայության ակադեմիան ավարտելուց հետո ապագա ռեզիդենտ Միշլյավկինը նշանակվեց Յասենևոյի արտաքին հետախուզության շտաբ, որտեղ նա ծառայել է այն բաժնում, որն անօրինական ներգաղթյալներին պատրաստում էր լրտեսության համար Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Միշլյավկինների ընտանիքը ապրում էր Վիլնյուսսկայա փողոցում գտնվող տանը, որը կառուցվել էր 2002 թվականին Արտաքին հետախուզական ծառայության հրամանով: 2017 թվականին Միշլյավկինները տեղափոխվեցին Արտաքին հետախուզական ծառայության շտաբի մոտ գտնվող Կոմունարկա գյուղ, և երեք տարի անց նրանց թույլատրվեց սեփականաշնորհել ծառայողական բնակարանը: 2020 թվականի նոյեմբերին Միշլյավկինը ժամանեց Երևան և ստանձնեց ռեզիդենտ գործակալների համակարգումը:
Խնջույքի ընթացքում Միշլյավկինի տեղակալ Սերգեյ Կատինը կքայլի նրա կողքին։ Նա իր զինվորական ծառայությունը սկսել է որպես ինժեներ Դաշնային պաշտպանության ծառայության կառավարական կապի բաժնում, ապա ընդունվել է Արտաքին հետախուզության ծառայության ակադեմիա։
Ավարտելուց հետո նա գրանցվել է «Զնանիե» ընկերությունում, որտեղ ստացել է ամսական 400 ռուբլի ֆիկտիվ աշխատավարձ։ 2007 թվականին Կատինը պաշտոնապես դարձել է Արտաքին հետախուզական ծառայության 33949 ստորաբաժանման անդամ (ինչի մասին վկայում է նրա վարկային դիմումը), իսկ 2022 թվականից նա լրտեսում է Հայաստանում։
Կատինի նոր կինը՝ Եվգենիան, ամերիկյան ChampionX ընկերության ֆինանսական տնօրենն է, որը գործում է քիմիական և հորատման լուծումների ոլորտում։ 2024 թվականին ChampionX-ը ձեռք է բերվել SLB-ի (նախկինում՝ Schlumberger, որը գտնվում է Հյուսթոնում) կողմից՝ 7.76 միլիարդ դոլարով։
Ռուսաստանում SLB-ն համագործակցում է «Գազպրոմի», «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» հետ։ Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո այն չի կրճատել իր գործունեությունը, ինչպես շատ արևմտյան ընկերություններ, այլ հակառակը՝ ընդլայնվել է և վարձել մոտ հազար նոր աշխատակից։ Սակայն պատժամիջոցները շրջանցելու համար ընկերությունը սարքավորումներ է գնում ոչ թե արևմտյան երկրներից, այլ Չինաստանից և Հնդկաստանից։
«Ռոսատոմի» ներկայացուցիչը Հայաստանում՝ Վյաչեսլավ Պրոշկինը, անպայման ներկա կլինի Միշլյավկինի խնջույքին։ Նրա պարտականությունների մեջ է մտնում Մեծամորի ատոմակայանի վերահսկողությունը, որը կառուցվել է խորհրդային տարիներին և գտնվում է Երևանից 26 կմ հեռավորության վրա։ Իրականում սա ընդամենը քողարկում է, քանի որ նա Հետախուզության գլխավոր վարչության կադրային սպա է և ուշադիր հետևում է Հայաստանի ղեկավարությանը։
Պրոշկինը իր զինվորական ծառայությունը սկսել է Պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության գլխավոր վարչությունում, ապա տեղափոխվել է Պաշտպանության նախարարության հատուկ ծրագրերի ֆինանսավորման հայտնի կենտրոն (22280 զորամաս): Այս կենտրոնը կառավարում է հսկայական գումարներ և ֆինանսավորում է Պաշտպանության նախարարության գաղտնի նախագծերը միջուկային ոլորտում, բժշկական պատվաստանյութերի արտադրությունը, իսկ բյուջեի մի մասն էլ գնում է ռազմական հետախուզությանը։
2020 թվականին խոշոր սկանդալ սկսվեց, երբ 14118 զորամասի նախկին հաշվապահը լրագրողներին պատմեց բյուջետային միջոցները յուրացնելու գաղտնի սխեմայի մասին: Նրա խոսքով՝ կենտրոնի հրամանատար, գնդապետ Գեորգի Վասիլևը, Պաշտպանության նախարարության 48-րդ կենտրոնական հետազոտական ինստիտուտի և 14118 զորամասի աշխատակիցների մասնակցությամբ, «գողացել է ավելի քան 355 միլիոն ռուբլի՝ տարբեր վճարումների, բոնուսների և ֆիկտիվ անձանցից ստացած նպաստների միջոցով»։
ԱԴԾ ջոկատ. Կիվաչուկ, Կուչերուկ, Գլադիշչուկ
ԱԴԾ-ն կներկայացնեն դեսպանատան խորհրդական Սերգեյ Կիվաչուկը և առաջին քարտուղար Վիտալի Կուչերուկը: Մինչև Հայաստան գալը, ԱԴԾ գեներալ Կիվաչուկը երբեք արտասահմանում չի եղել (գոնե ոչ իր իրական անունով): Նա ծառայել է Ալթայում, Կրասնոյարսկի երկրամասում և Ուդմուրտիայում, իսկ 2017 թվականին նշանակվել է Մարի Էլի ԱԴԾ վարչության պետ: Ալթայի երկրամասում դատական կատարածուները հետապնդում էին նրան՝ պահանջելով տրանսպորտային հարկերի վճարում, իսկ Ուդմուրտիայում նա իր կնոջը աշխատանքի տեղավորեց որպես գաղտնի գրառումների մասնագետ «Կալաշնիկով» կոնցեռնում: Այս լուրը հրապարակած «Դեն» թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Շչուկինը շուտով խուզարկվեց, և 2017 թվականին նրան դատապարտեցին երկուսուկես տարվա ազատազրկման՝ կոնցեռնի գործադիր տնօրեն Կոնստանտին Բուսիգինից շորթում կատարելու համար:
Գեներալ Կիվաչուկը ոչ միայն լրտեսում է Փաշինյանին, այլև ուշադիր հետևում է այն ռուսներին, ովքեր մեկնել են Հայաստան մոբիլիզացիայի սկսվելուց հետո: Այս ռելոկանտներից շատերը դարձել են Պուտինի բացահայտ քննադատներ և դեմ են Ուկրաինայում պատերազմին: Նրանց բոլորին պետք է օպերատիվ հսկողության տակ պահել, և գործակալներ ներդնել նրանց միջավայր: Այսպիսով, գեներալ Կիվաչուկը շատ անելիք ունի Երևանում։
Խնջույքի մեկ այլ հյուր կլինի դեսպանատան առաջին քարտուղար Սերգեյ Կուչերուկը: Նա որևէ կապ չունի դիվանագիտական աշխատանքի հետ և մինչև Հայաստան ժամանելը ծառայել է Բալթյան նավատորմի և Կալինինգրադի մարզի զորքերի ԱԴԾ վարչությունում, որը ԱԴԾ Հեռավոր Արևելքի ռազմական շրջանի մաս է կազմում: Նրան հաճախ են տեսնում Գյումրու ռուսական ռազմաբազայում, որտեղ նա հանդիպում է իր գործակալների հետ:
Հետախուզական ծառայություններում The Insider-ի աղբյուրի փոխանցմամբ՝ «չեկիստ-օսոբիստը» (խմբ.՝ ռազմական հակահետախուզության աշխատակից) մի խմբի անդամ է, որը գաղտնի գործողություն է իրականացրել Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանի դեմ։
2023 թվականին Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման և դրա ղեկավարի պաշտոնում ոչ թե հետախուզության կարիերային սպայի, այլ հանրապետության օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանին նշանակելու մասին:
«Քրիստինային հրավիրել էին Մոսկվա՝ Արտաքին հետախուզության ծառայության ակադեմիայում կարճատև պրակտիկա անցնելու, զրուցելու համար: Բայց նա գնացել էր ԱՄՆ ԿՀՎ՝ որոշակի պատկերացում կազմելու, իսկ հետո ամերիկացիները օգնել էին նրան ստեղծել անհրաժեշտ կառույցը Երևանում։ Իհարկե, ռուսները խորացել էին նրա անձնական կյանքի մեջ, բայց օպերատիվ առումով որևէ նշանակալի տեղեկատվություն չէին ստացել», – խմբագրական խորհրդին ասել է հետախուզական ծառայություններից մի աղբյուր։
Մինչդեռ, Գրիգորյանի ղեկավարությամբ հետախուզական ծառայությունը սկսել է ակտիվորեն աշխատել, և այս տարվա մարտին նա հայտարարել է, որ ընտրությունների նախաշեմին հետախուզական ծառայությունները ճնշում են գործադրում արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների վրա։ Իհարկե, սա հիմնականում վերաբերում էր Ռուսաստանին, որտեղ ապրում է ավելի քան մեկ միլիոն հայ։
Կցորդ Ալեքսանդր Գլադիշչուկը, հավանաբար, նվերներ կբերի բնակիչ Միշլյավկինին: Մինչև Երևանը նա ծառայել է Պաշտպանության նախարարության 946-րդ գլխավոր աշխարհագրական տեղեկատվական կենտրոնում՝ Նոգինսկում, Մոսկվայի մոտ: Այս գաղտնի ստորաբաժանման խնդիրն է «մատուցել մասնագիտացված աշխարհագրական տեղեկատվություն, որն անհրաժեշտ է տարբեր տեսակի բարձր ճշգրտության զենքերում և համակարգերում օգտագործելու համար»:
Գլադիշչուկը նախկինում ուղարկվել էր Բելգիա, որտեղ նա կազմել էր մանրամասն քարտեզներ, որոնք ցույց էին տալիս ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտները և տնտեսապես կարևոր ձեռնարկությունները: 2020 թվականին, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելուց հետո, նա տեղափոխվել էր Երևան: Ըստ երևույթին, նա արդեն նշել է Հայաստանի համար կարևորագույն կարևոր օբյեկտները գործառնական քարտեզների վրա:
Շարունակելի..