«Փաստինֆո». Հակակոռուպցիոն կոմիտեն գաղտնի է պահում, չի հայտնում՝ քանի անձ է ձերբակալվել։ Եթե իմանում ենք, որ ինչ-որ մեկին բերել են, հարազատներից ենք իմանում, փաստաբանները ժամերով սպասում են, որ մոտենան՝ իրավական օգնությունը ցույց տալու։ Անցնում են ժամեր, եթե բերման ենթարկվածին չեն կարողանում համոզել հրաժարվել փաստաբանից, նոր միայն թույլատրում են փաստաբանին՝ մուտք գործել, բայց բոլորը, հիմնականում, արդեն հարցաքննված են լինում՝ առանց փաստաբանի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Յուրա Իվանյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների ձերբակալմանը։
«Տարրական իրավունքները ոտնահարվում են։ Եթե անգամ փաստաբանը ցանկանում է ծանոթանալ նախորդ ցուցմունքներին, չեն ծանոթացնում։ Նոր քրեական դատավարության օրենսգիրք է հայտնվել մեր իրականությունում, որի մասին որևէ մեկս տեղյակ չէ։ Չգիտեմ՝ ինչ քրեական դատավարության օրենսգրքով են առաջնորդվում մարդիկ՝ ի դեմս Հակակոռուպցիոն կոմիտեի, որ նման ձևով վարույթ է իրականացվում։
Վկաները գալիս են, փաստաբաններին ասում են՝ սպասեք։ Համոզված եմ՝ այդ ընթացքում փորձում են վկաների հետ խոսել, համոզել, որ վկաները, եթե անգամ որպես վկա են հրավիրված, ցանկություն չունենան փաստաբանի մասնակցությամբ ցուցմունք տալու։ Քրդատ․ օրենսգիրք չկա․․․ Ինչո՞ւ ենք մենք փաստաբանություն իրականացնում, եթե իրավունք, իրավաբանություն, ոչինչ չկա, Քրդատ․ օրենսգրքի որևէ նորմ չի պահպանվում»,- ասաց Իվանյանը։
Այս պահին հայտնի է ավելի քան 13-14 անձի՝ Հակակոռուպցիոն կոմիտե բերելու մասին, փաստաբանը նշում է՝ հայտնի չէ, թե այս անգամ ՀԿԿ-ն ինչ հերոսություն է արել, քանի անձ է բերել։ Քրեական վարույթը վերաբերում է իբրև ընտրակաշառքին, բարեգործության արգելքին։
Բերման ենթարկված անձանց մեծ մասը արցախցիներ են, լոռեցիներ, կա երկու կին։ Առաջիկայում, ըստ ամենայնի, խափանման միջոցների հարց կքննարկվի դատարանում։
Փաստաբանների գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգել են ՄԻՊ-ին, սակայն ակնկալիքները մեծ չեն։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել՝ ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու ենթադրյալ դեպքերի բացահայտման վերաբերյալ։ Ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։
Իզաբել Սահակյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: