«Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն ԵԱՏՄ եւ ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են։ Մեր մոտարկումը ԵՄ հետ մենք շարունակելու ենք». Արարատ Միրզոյան

«Իհարկե, մենք խոսել ենք Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի, առհասարակ, աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Ես գործընկերոջս ներկայացրել եմ մեր եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը, TRIPP նախագիծը, դրա շրջանակներում ձեռնարկվող քայլերը։ Այստեղ էլ մինչ այսօր, վստահ եմ, նաեւ ապագայում, հանդիպել ենք եւ կշարունակենք հանդիպել Լիտվայի ողջունելուն եւ աջակցության պատրաստակամությանը»,-ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի իր գործընկեր Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

The Minister of Foreign Affairs of the Republic of Armenia, Ararat Mirzoyan, and the Minister of Foreign Affairs of Lithuania, Kestutis Budrys, sign joint documents in Yerevan, Armenia

 

Լիտվայի ԱԳ նախարարը հաստատեց, որ այո, անվտանգության ոլորտի հետ կապված Արարատ Միրզոյանի հետ քննարկել են, թե ի սկզբանե իրավիճակն ինչպիսին է եղել։ «Ձեր նախարարը տեղեկացրեց աշխարհաքաղաքական զարգացումների մասին, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների դրական առաջխաղացումների մասին։ Բոլոր այս դրական առաջխաղացումները կայունություն են բերում, նոր հնարավորություններ են ընձեռում։ Ուստի, Լիտվան լիովին աջակցում է խաղաղության գործընթացը։ Եվ հուսանք, որ այն նոր տնտեսական հարաբերությունների դռներ կբացի բոլորի համար»,-ասաց պարոն Բուդրիսը։

Նրա կարծիքով սահմանները, առեւտուրը, ճանապարհը, ենթակառուցվածքները բացելը, ժողովուրդների միջեւ կապերը ազատ դարձնելը, ապրանքների շրջանառությունը անվտանգության մակարդակը կբարձրացնեն։

The Minister of Foreign Affairs of the Republic of Armenia, Ararat Mirzoyan, and the Minister of Foreign Affairs of Lithuania, Kęstutis Budrys gave a joint press conference in Yerevan, Armenia

Պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանին ինչ տվեց Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը, միջազգային հանրության համար որքանով ընկալելի դարձան Հայաստանի մոտեցումները եւ ինչ ռիսկեր ավելի հստակ դարձրեց՝ նկատի ունենալով գագաթնաժողովից հետո Ռուսաստանից հնչող հայտարարությունները, մասնավորապես, Պուտինի կողմից կողմնորոշվելու մասին հորդորը եւ քաղաքական ապահարզանի մասին ակնարկելը՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որը այս ձեւաչափի երբեւէ տեղի ունեցած առաջին հանդիպումն էր, բավականին արդյունավետ էր, հանդիպման արդյունքներով բավականին ծավալուն։ Եթե հիշողությունս չի դավաճանում, 35 կետանոց համատեղ փաստաթուղթ է ընդունվել, որտեղ տարբեր ոլորտներ են նշվում, որտեղ համագործակցությունը հաստատված է կամ խորանալու մտադրություն ունի եւ կողմերը ծրագրեր են մատնանշում, որոնք պետք է համատեղ իրականացնեն։

Կարող եմ ասել, որ ինչպես նախկինում, այսօր էլ, հուսով եմ՝ վաղը եւս ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը եւ տարբեր ոլորտներում եվրոպական ինտեգրացիայի գործընթացին։

Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով ընկալելի դարձան Հայաստանի մոտեցումները, նախկինում եւս մենք տարբեր հարցերում Հայաստանի մոտեցումները միշտ դինամիկ կերպով ներկայացրել ենք ԵՄ մեր գործընկերներին։ Եվ այս գագաթնաժողովը բացառություն չէր։ Գաղտնիք չէ, որ Հայաստանն ու ԵՄ-ն օր-օրի ավելի են մոտենում միմյանց եւ դրա համար կան բոլոր հնարավորությունները, դրա համար կա թիվ մեկ նախադրյալը՝ ըստ էության, Հայաստանի ժողովրդի եվրոպական հավակնությունները։

Երբ հարցնում եք այլ գործընկերների, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանի, գործընկերների կողմից այդ եւ նմանատիպ առիթներով հնչող գնահատականների մասին, նշեցիք նաեւ քաղաքական ապահարզանը, մենք չենք պատրաստվում ապահարզան տալ մեր որեւէ գործընկերոջ, կամ ունենալ մեր հարաբերություններում։ Ընդհանրապես, քաղաքականությունը եւ դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ պատմության ընթացքում, կարծեմ, չի ճանաչում։

Մենք չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որ կապված են բազմաթիվ կապերով։ Եվ մենք տրամադրված ենք առողջ քննարկման միջավայրում փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն։ Խնդիրներ կա՞ն։ Անշուշտ։ Բայց խնդիրներ կան աշխարհում բոլոր հնարավոր հարաբերություններում։ Միշտ էլ այդպես է եղել։ Ուղղակի, պետք է այդ խնդիրներին կոնստրուկտիվ քննարկմամբ լուծումներ գտնել։

Ի վերջո, բոլոր կողմերը պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի՝ այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքին։ Մենք շատ լավ հասկանում ենք։ Եվ Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն ԵԱՏՄ եւ ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են։ Մեր մոտարկումը ԵՄ հետ մենք շարունակելու ենք։ Եվ երբ որ կհասունանա պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք՝ լինել այս կամ այն խմբի երկրների ընտանիքի անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment