ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ապօրինի առցանց խաղատների դեմ պայքարի փաթեթին

Հասարակություն

19.05.2026 | 15:55

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը առաջին ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթին։ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ նախագիծը միտված է առցանց միջավայրում ապօրինի խաղատների գործունեության սահմանափակմանը, կարգավորման բացերի վերացմանը և խաղային ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։

«ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանի տեղեկացմամբ օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է առցանց տիրույթում ապօրինի խաղատների գործունեության սահմանափակման անհրաժեշտությամբ:

Մասնավորապես նշվել է, որ նախագծերի ընդունումը ուղղված է առցանց միջավայրում ձեւավորված կարգավորման բացերի վերացմանը եւ խաղային ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության ապահովմանը:

Այս նպատակով առաջարկվում է մի շարք կարգավորումներ ամրագրել ոլորտային օրենքներում:

Հանձնաժողովի եզրակացությունը օրենսդրական փաթեթի վերաբերյալ դրական էր:

Փաթեթը նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment