Համաշխարհային մշակութային ժառանգության մաս կազմած կոմպոզիտորների ստեղծագործությունների պակաս մեր հանդիսատեսը չունի։ Դրանք հնչում են թե՛ հայաստանյան նվագախմբերի, թե՛ հազվադեպ հյուրախաղերի, և թե՛ մեր բարձրակարգ ու հրավիրյալ մենակատարների մատուցմամբ։
Ասվածի վկայությունն է նախօրեին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած համերգը՝ թատրոնի նվագախմբի ընկերակցությամբ։ Անվանի երաժիշտներ՝ դաշնակահար Զարինա Շիմանսկայան և դիրիժոր Ալեքսանդր Սլադկովսկին, ներկայացրին Ռախմանինովի ու Ստրավինսկու՝ մեզ ծանոթ ստեղծագործությունների իրենց մեկնաբանությունները։
Այսուհանդերձ, երաժշտասերների հետաքրքրությունը մեծ էր. նրանք մեկ անգամ ևս վայելեցին Ռախմանինովի դաշնամուրի և նվագախմբի թիվ 2 կոնցերտն ու հատվածներ Ստրավինսկու «Սրբազան գարուն» բալետից։
Բրավոների պակաս չունեցող համերգի ավարտին, ի պատասխան Aravot.am-ի հարցին, Զարինա Շիմանսկայան, որի կատարողական ոճն առանձնանում է մտավոր խորության և վիրտուոզ համարձակության համադրությամբ, ասաց. «Ռախմանինովը, իհարկե, շատ ավելի մեծ ժառանգություն ունի, և ոչ մի դաշնակահար չի պատկերացնում, թե ինչպես կարող էր երաժշտությունը գոյություն ունենալ առանց այս ստեղծագործողի։ Կարծում եմ՝ նա ամենասիրված և սուրբ կոմպոզիտորներից մեկն է ցանկացած դաշնակահարի համար»։
Ժպտալով էլ հավելեց, թե ռախմանինովյան այս կոնցերտը բոլոր ժամանակների և ժողովուրդների հիթն է։
Սլադկովսկու խոսքերով՝ «Ստրավինսկու երաժշտությունն ինձ համար դիրիժորական պրոֆեսիոնալիզմի չափանիշ է և կոլեկտիվի վիճակի ցուցիչ։ Նրա պարտիտուրներում այնքան գույներ, կոնտրաստներ և մենանվագներ կան, որ մեր բոլոր երաժիշտները կկարողանան դրսևորել իրենց։ Երաժշտությունն այստեղ խոսում է ինքն իր փոխարեն, և մենք բավարար ուժ ունենք նրա ողջ պատկերավոր հարստությունը փոխանցելու համար։ Նրա առաջին բալետները դարակազմիկ ստեղծագործություններ են, դրանք պետք է պարզապես փայլուն նվագել»։
Խոսքը շարունակելով՝ հատուկ նշեց, թե «Սրբազան գարունն» էլ է հիթ։
Սամվել Դանիելյան
Լուսանկարները՝ Օպերային թատրոնի կայքից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: