Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիան այս ամառ կթանկանա՝ հասնելով 2023 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին

Այս ամառ Մեծ Բրիտանիայում տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի վճարների առավելագույն սահմանաչափը կաճի 13%-ով, ինչը կլինի ամենակտրուկ աճը՝ 2023 թվականից ի վեր: Այս մասին գրում է Bloomberg-ը։ Իրանում պատերազմը հանգեցնում է գազի և էլեկտրաէներգիայի մեծածախ գների թանկացմանը՝ ուժեղացնելով գնաճային ճնշումը տնտեսության վրա։

Cornwall Insight-ի կանխատեսումների համաձայն՝ գների «պատնեշը» հուլիսից տարեկան կբարձրանա մինչև 1850 ֆունտ ստեռլինգ (մոտ 2479 դոլար)։ Այս նախնական հաշվարկները սովորաբար մոտ են վերջնական թվերին, որոնք հաստատում է էներգետիկ կարգավորիչ Ofgem-ը։

Կարգավորիչը սահմանաչափը վերանայում է յուրաքանչյուր 3 ամիսը մեկ՝ հիմնվելով մեծածախ գների դինամիկայի վրա։ Հաջորդ փոփոխությունը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ին, իսկ հաշվարկային շրջանը փակվել է անցած երկուշաբթի։

Գների աճն արտացոլում է Եվրոպայի շուկաներում տեղի ունեցած կտրուկ թանկացումը փետրվարի վերջից, երբ Իրանում հակամարտությունն ու Հորմուզի նեղուցի արգելափակումը խաթարեցին էներգակիրների մատակարարումները Պարսից ծոցի տարածաշրջանից։ Պատերազմի սկսվելուց հետո Մեծ Բրիտանիայում հաջորդ ամսվա մատակարարման գազի ֆյուչերսները թանկացել են մոտ 50%-ով, իսկ էլեկտրաէներգիայի պայմանագրերը՝ մոտ մեկ երրորդով։

Սակագների աճը զգալիորեն բարդացնում է Անգլիայի բանկի պայքարը գնաճի դեմ։ Ավելի վաղ ակնկալվում էր, որ գնաճը կշարունակի նվազել և կհասնի 2% թիրախին, ինչը հնարավորություն կտար իջեցնել տոկոսադրույքները։ Սակայն այժմ այդ սցենարը դժվար իրագործելի է․ էներգակիրների բարձր գները կարող են նոր կենսական ծախսերի ճգնաժամ առաջացնել։

Էներգետիկ շոկը իշխանությունների առջև դնում է բարդ երկընտրանք՝ պայքարել կայուն գնաճի դեմ, թե խթանել տնտեսական աճը։ Սպառողներն արդեն սկսել են կրճատել ծախսերը՝ կոմունալ վճարների աճին պատրաստվելով, իսկ բիզնեսը բախվում է ծախսերի աճին՝ թույլ պահանջարկի պայմաններում։

Կառավարությունը մինչ այժմ չի միջամտել իրավիճակին, սակայն հայտարարել է, որ քննարկում է ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններին աջակցելու տարբերակները՝ աճող հաշիվները վճարելու համար։

Leave a comment